27/07/2024

Փարիզի համար կարեւոր է, որպեսզի ֆրանս-ադրբեջանական փոխհրաձգությունը չծավալվի Հայաստանի ուղղությամբ

Ֆրանսիայի «սանդրանքները» չեն մնա անպատասխան, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, դժգոհելով Փարիզի գնահատականից, որ Ադրբեջանը դիկտատուրա է: Ֆրանսիան ասել է այն, ինչ կա, եւ այստեղ իհարկե Բաքուն դժգոհում է ոչ թե «սադրանքից», այլ ճշմարտությունից:

Հարցն այլ է, թե ֆրանս-ադրբեջանական այս փոխհրաձգությունը որքան է շարունակվելու եւ այն ինչ ռիսկեր է պարունակում Կովկասի, մասնավորապես Հայաստանի անվտանգության միջավայրի համար: Առայժմ այդ դիմակայությունը «գտնվում» է Նոր Կալեդոնիայում, որտեղ ապստամբության համար Փարիզը ուղիղ մեղադրել է Ադրբեջանին:

Բայց, հարցի գինն անկասկած Կովկասյն է եւ մեր ռեգիոնից շաղկապվող աշխարհաքաղաքական մի շարք այլ կարեւոր ուղղություններ, որտեղ Ֆրանսիան ցանկանում է պահել իր աշխարհաքաղաքական վճռորոշ դերակատարումը, այսպես ասած մնալ բարձրագույն լիգայում, իսկ Ֆրանսիայի դեմ «մարտի է դուրս բերվել» Ադրբեջանը: Եվ, երբ Բաքուն խոսում է այն մասին, թե Փարիզի «սադրանքները» չեն մնա անպատասխան, ապա այստեղ իհարկե հարց կարող է առաջանալ Հայաստանի համար, որովհետեւ հաշվի առնելով հայ-ֆրանսիական սերտ գործակցությունը, Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի մոտեցումներն ու քայլերը, առնվազն հարկ կա մտածել, թե արդյո՞ք Բաքուն հենց այս ուղղությունը չի դիտարկի Փարիզին որեւէ բան պատասխանելու համար:

Հնարավոր է, որ այդտեղ որոշակի կայունություն ապահովելու համար էր Բաքվում Ֆրանսիայի դեսպանը մասնակցել օրեր առաջ Լաչինում անցկացված Cop29-ի թեմայով համաժողովին, իսկ Բաքվի լրատվամիջոցները վրդովվել էին, որ նույնիսկ Ֆրանսիայի դեսպանն է մասնակցել, իսկ ահա օրեր առաջ Շուշի մեկնած ԱՄՆ դեսպանն ու նաեւ Հնդկաստանի դեսպանը՝ չեն մասնակցել: Ֆրանսիայի համար պետք է որ ցանկալի չլինի Հայաստանի ուղղությամբ որեւէ «պատասխան» ստանալը, որովհետեւ այդ դեպքում հարց կառաջանա, թե Ֆրանսիա՞ն ինչով կարող է պատասխանել:

Ու այդտեղ կարող է բավականին էական հարված ստանալ նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության եւ գործընկերության հեռանկարի հանրային ընկալումը: Հետեւաբար, Փարիզի համար թերեւս կարեւոր է, որպեսզի ֆրանս-ադրբեջանական փոխհրաձգությունը չծավալվի Հայաստանի ուղղությամբ, առավել եւս, որ Ֆրանսիան թերեւս բոլորից լավ գիտե, թե հատկապես ինչ ուղղություններից է փչում Ադրբեջանի հոխորտանքի քամին: