27/07/2024

Ադրբեջանն ազատ չի արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներին. ԵՄ դիվանագիտական ծառայություն

ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել 154 բանտարկյալներին ներում շնորհելու մասին։

Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդ տարիների, հրամանագրում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար դատապարտված անձինք։

«Վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների անհանգստացնող աճ է գրանցվել: Հատկապես հետապնդումների են ենթարկվել անկախ լրատվամիջոցների անդամները, քաղաքական շարժումները, աշխատանքային իրավունքների պաշտպանության խմբերը և այլ կազմակերպություններ, օրինակ՝ Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը: Նրանցից շատերի խափանման միջոցը բազմիցս երկարացվել է»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բանտարկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար, և ապահովել կալանավորների համար արժանապատիվ և անվտանգ պայմաններ, ներառյալ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավական ծառայություններին:

«Մենք հատկապես մտահոգված ենք Գուբադ Իբադօղլուի և Ալասգար Մամեդլիի առողջական վիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ վերացնել պարոն Իբադօղլուի ճանապարհորդելու արգելքը՝ թույլ տալով նրան ստանալ անհրաժեշտ շտապ օգնությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում ԵՄ-ն հիշեցրել է Ադրբեջանին, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գլոբալ համաժողովի (COP 29) ուշադրության կենտրոնում է, որը Ադրբեջանը կհյուրընկալի նոյեմբերին:

«COP 29-ը Ադրբեջանի համար հնարավորություն է վերահաստատելու իր հանձնառությունը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և պայմաններ ստեղծելու ազատ և անկախ քաղաքացիական հասարակության աշխատանքի համար: Սա նաև համահունչ է Ադրբեջանի՝ որպես Արևելյան գործընկերության անդամի ստանձնած պարտավորություններին, որոնք հաստատվել են Արևելյան գործընկերության 2021 թվականի դեկտեմբերի գագաթնաժողովի հռչակագրում»,- ընդգծել է Ստանոն և հավելել.

«Եվրամիությունը հանձնառու է շարունակել իր երկխոսությունը Ադրբեջանի հետ մեր համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ ի շահ Ադրբեջանի բոլոր մարդկանց»: