Fip.am-ը գրում է․Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի 27-ին «Արմլուր» լրատվականի հետ զրույցում ոչ ճշգրիտ և մանիպուլացնող հայտարարություններ է արել։
Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել 2020 թվականի 44-օրյա պատերազմում ոստիկանության ծառայողների մասնակցությունն ու ասել․ «Ոստիկանության ծառայողները պետք է իրենց ցույց տային 2016 թվականի ապրիլյան դեպքերին, անհրաժեշտ էր 2020 թվականին (նկատի ունի 44-օրյա պատերազմը-խմբ․) մասնակցեին, անհրաժեշտ էր 2020 թվականից հետո, երբ որ ՀՀ սահմաններում մենք տեսանք առաջխաղացումներ ադրբեջանական կողմից, մասնակցեին»,- հայտարարել է Բալասանյանը:
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ նույնիսկ բաց աղբյուրները վկայում են՝ ոստիկանությունը լուրջ մասնակցություն է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Ոստիկանական բաժինների ծառայողներից բաղկացած զորախմբերից զատ, պատերազմի 3-րդ օրը ռազմաճակատ է մեկնել նաև ոստիկանության զորքերի համահավաք գումարտակը։ Գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերի զորախումբը մեկնել է Քարվաճառի շրջան։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մասնակցել են Քարվաճառի պաշտպանությանը։ Նույն օրերին ոստիկանության զորքերի մյուս զորախմբերը Հաթերքում, Ջրականում և Լիսագորում են մասնակցել պաշտպանական մարտերին։ Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցել են Քարինտակի պաշտպանական մարտերին։ Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկել է թշնամու շրջափակման մեջ։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ 44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 աշխատակից։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում թեժ մարտերի ընթացքում զոհվել են ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու 38 ծառայողներ։
Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։
Վիտալի Բալասանյանի մյուս հայտարարությունը, որը սխալ տեղեկություններ է պարունակում, վերաբերում է ոստիկանության և Զինված ուժերի թվաքանակին։. «Էսօր ոստիկանական զորքերի քանակը, տեսանելի է, ավելի շատ է, քան Զինված ուժերի»,- նշել է Բալասանյանը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում Զինված ուժերի իրական թիվը համարվում է պետական գաղտնիք և չի հանրայնացվում։ Բայց միջազգային որոշ աղբյուրներ հրապարակում են երկրների զինված ուժերի անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնցից մեկի ( statista.com) համաձայն, 2023-ին ՀՀ Զինված ուժերի քանակը կազմել է 45,000, իսկ մեկ այլ՝ worldpopulationreview.com կայքի համաձայն, 2024 թվականի տվյալներով ՀՀ Զինված ուժերի թվաքանակը 44,800 է:
ՀՀ ոստիկանությունը նույնպես փորձում է գաղտնի պահել երկրում ոստիկանների թվի մասին տեղեկությունները: 2018 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա հրապարակել էր մի ուսումնասիրություն, որի համաձայն, Հայաստանում ոստիկանության ծառայողների թիվը տատանվում է մոտ 8900-ից 10,400-ի միջակայքում: Իսկ Վիքիպեդիայի «ՀՀ Ոստիկանություն» ռուսալեզու հոդվածի տվյալներով՝ ոստիկանության թվաքանակը 10,000 է։
Մյուս հայտարարությամբ Բալասանյանը կասկածի տակ է դրել աղետի գոտում փրկարար ծառայության գործունեությունը։ «ՆԳ նախարարությունը պարտավոր է հասարակական կարգը պահպանել. Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմալուծվեց, հիմա ՆԳ նախարարության կազմում է, մենք չենք տեսնում այդ ստորաբաժանումները, որոնք էդ ժողովրդին տիրություն կանեն»,- ասել է Բալասանյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 26-ին՝ կեսգիշերից սկսած Դեբեդ գետի վարարման հետևանքով աղետի մասին առաջին ահազանգերից հետո, ՆԳ փրկարար ծառայությունն անմիջապես անցել է ուժեղացված ծառայության՝ դեպքի վայրում կատարելով որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։ Դեպքի վայրում աշխատանքներ է իրականացրել ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, իսկ աշխատանքներին ներգրավված է եղել 324 փրկարարական ծառայող։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական շարունակվող աշխատանքների արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում: Սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիներ տարածում էին փրկարարների մասնակցությամբ աղետի գոտում մարդկանց օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութեր ու լուսանկարներ և շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար։
Այսպիսով, Վիտալի Բալասանյանի՝ ոստիկանության և փրկարար ծառայության վերաբերյալ հայտարարությունները կեղծ են և մանիպուլացնող։
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Բոլորը սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը»
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում