Մենք, եվրոպացիներս, չենք պատերազմում Ռուսաստանի դեմ, ռուս ժողովրդի դեմ: Ոչ: Բայց մենք չենք ընդունում ռեվիզիոնիստական, կայսերապաշտական քաղաքականությունը: Մենք ուզում ենք կայուն խաղաղություն:
Այդ հայտարարությունները արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը պետական այցով ժամանել է Բեռլին: Ֆրանսիայի նախագահը Գերմանիա այցի ընթացքում քննարկում է տարբեր հարցերում եվրոպական երկու առաջատարների՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի տարաձայնությունների հարցը, որոնք բավականին նկատելի են դարձել նաեւ եվրոպացի շատ փորձագետների համար:
Ֆրանսիան ձգտում է ամրապնդվել եվրոպական առաջատարության դերում, օգտագործելով Ռուսաստանի հանգամանքը: Դա ակնառու է Ֆրանսիայի նախագահի հայտարարություններից: Գերմանիան թերեւս պատկերացնում է, որ Փարիզի այդ կոշտ հակառուսական հռետորաբանությունը գործնականում եվրոպական առաջատարության հավակնության միջոց, գործիք, ճանապարհ է, որի պարագայում Բեռլինը կամ կանցնի Փարիզի ձեռքը բռնած, բայց արդեն ամենեւին ոչ հավասար կարգավիճակով (Մակրոնը պատահաբար չէ, որ ընդգծում է պարբերաբար՝ Ֆրանսիան ցամաքային Եվրոպայի միակ միջուկային տերությունն է), կամ փաստացի կդառնա Ֆրանսիայի համար խոչընդոտ, ինչը կարող է նշանակել, որ այդ խոչընդոտը հաղթահարելու համար Փարիզը ընդհուպ կգործակցի Չինաստանի հետ:
Հավանաբար, հենց այդ հարցերն են քննարկվել օրեր առաջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում, որից օրեր անց էլ Ֆրանսիայի նախագահը մեկնում է Բեռլին: Հավանաբար Մակրոնը դա է դրել պաշտոնական Բեռլինի սեղանին: Կհաջողվի՞ Մակրոնին ստանալ «միասին քայլելու» Գերմանիայի հավաստիացումը:
Սա էական հարց է, որը շոշափելի նշանակություն կունենա նաեւ Կովկասի համար: Ի դեպ այդ առումով արժե նկատի ունենալ Բեռլինի դերը Հայաստան-Ադրբեջան գործընթացում, որ դրսեւորվեց Մյունխենի անվտանգության համաժողովից: Այդ համատեքստում էլ ի դեպ ուշադրության է արժանի, որ Ֆրանսիան ողջունեց Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը կարծես թե «կտրում» էր մյունխեն-բեռլինյան գործընթացը, առնվազն տակտիկական իմաստով:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»