27/07/2024

ՀՀ անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից․ Գրիգորյան

Հայաստանում կա՞ն խմբեր, որոնք օժանդակում են ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող երկրներին:

Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

«Բոլոր ժամանակակից երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերները ունեն թե՛ ներքին դերակատարներ, թե՛ արտաքին։ Հայաստանը անմասն չէ»,- նկատեց նա։

Վերջինիս խոսքով՝ ՀՀ ազգային անվտանգության ոլորտում այդ վտանգները չեզոքացնելու համար աշխատանքներ են կատարվում։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին սպառնացող վտանգ կա՞։

Վերջին նկատեց․ «Հայաստանի Հանրապետության անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից»։

Հարցին, թե ո՞ր փուլում հասարակությունը կտեղեկանա, թե կոնկրետ ո՞ր երկրներից են գալիս այդ վտանգները, Գրիգորյանն ասաց․ «Վստահ եմ, որ կիմանա»։

Նրա խոսքով՝ արվում է ամեն բան, երբեմն նույնիսկ անհնար բաներ, որպեսզի հետախուզության ծառայությունը կարողանա իր գործառույթները լավ իրականացնել։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը ընդգծեց, որ այդ վտանգները վերաբերում են ՀՀ պետության գոյությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ներքին կայունությանը։

Անդրադառնալով հարցին, թե այս պահին Հայաստանի վրա Ադրբեջանից հարձակման վտանգ կա՞, Գրիգորյանը նկատեց. «Ռազմական հարձակման վտանգները միշտ կան, քանի դեռ հարաբերությունները չեն կարգավորվել, ինչպես հարկն է, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց նաև չպետք է գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ ձևով օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերը և տեղեկացնում վարչապետին»։