27/07/2024

Մոսկվան դիվանագիտա-հետախուզական «գիծ» է քաշում Արցախից Սյունիք

Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու Ռուսաստանի մտադրության մասին տեղեկությունը, որ նախօրեին լրահոսում հայտնվեց ադրբեջանական եւ ռուսական խորհրդարանական պատվիրակությունների մոսկովյան հանդիպումից հետո, Հայաստանում հասկանալիորեն արժանացավ նկատելի ուշադրության:

Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանն ու Ադրբեջանը հանկարծ հայտարարեցին, որ կայացրել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշում, ընդ որում Պուտին-Ալիեւ մակարդակում: Դա տեղի էր ունեցել ՌԴ եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցից եւ Իսրայելին Իրանի հայտնի պատասխան հարվածից հետո:

Ի դեպ, Իրանի նախագահի ողբերգական մահվան հանգամանքի ֆոնին գուցե ավելորդ չի լինի նկատել նաեւ հենց այդ որոշումը, ինչը որոշակի իմաստով մնաց ստվերում: Հատկապես, որ այդ որոշումը շատ հմուտ եւ իրազեկ փորձագետներ պայմանավորում էին հենց ադրբեջանա-իրանյան փոխհարաբերությունում սպասվող ինչ որ ոչ սովորական զարգացումների հավանականությամբ: Իհարկե ոչ սովորական դարձավ փաստորեն այն, որ Բաքուն ու Թեհրանը պայմանավորվեցին, եղավ սահմանային ջերմ հանդիպումը, թեեւ դրանից հետո նաեւ՝ շատ վարկածների տեղիք տվող՝ Իրանի նախագահի ուղղաթիռի ողբերգաական անկումը:

Ի դեպ, այդ առումով, գուցե փիլիսոփայական հարց է, այդուամենայնիվ՝ ռուսական խաղաղապահ զորամիավորման մարդուժի եւ տեխնիկայի դուրսբերումն Արցախից, ավելի նպաստե՞ց հյուսիսային սահմանին Իրանի անվտանգությանը, թե՞ ոչ:

Երեւի թե անհետաքրքիր հարց չէ: Եվ գուցե մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյո՞ք խաղաղապահների վաղաժամ դուրսբբերման դիմաց չէ, որ եղել է Ստեփանակերտում հյուպատոսության մասին պայմանավորվածությունը: Այսինքն, Ռուսաստանը ռազմական ներկայությունը փոխարինում է այսպես ասած դիվանագիտա-հետախուզական ներկայությամբ:

Եվ գուցե մեկ այլ հարց, կապված այն հանգամանքի հետ, որ փաստորեն աշխարհագրական այդ գոտում Ռուսաստանը կունենա երկու հյուպատոսություն՝ Ստեփանակերտում ու Կապանում, եթե իհարկե Ադրբեջանը մնա խոսքի տեր եւ թույլ տա Մոսկվային ունենալ այդ հյուպատոսությունը Ստեփանակերտում:

Մոսկվան դիվանագիտա-հետախուզական «գիծ» է քաշում Արցախից Սյունիք: Կապանում, ինչպես հայտնի է, կա նաեւ Իրանի հյուպատոսություն, եւ հյուպատոսություն հիմնելու մտադրություն է հայտնել նաեւ Ֆրանսիան: