09/10/2024

Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրությունը խորքով Ադրբեջանի հավատարմության թեսթ է

ՌԴ ԴԺ Վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարասինը ցանկություն է հայտնել, որ մինչեւ այս տարեվերջ Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացի: Նրա խոսքերով՝ դրանով կհաղթահարվի դիվանագիտական ներկայացուցչության «դիսբալանսը»:

Երեւում է, նման հարց ապրիլի 22-ի Պուտին-Ալիեւ հանդիպմանը քննարկվել է: Բաքվի իշխանական մամուլն ընդունում է, որ հյուպատոսական ներկայացուցչություններիա առումով իրոք «դիսբալանս կա». Ադրբեջանը ՌԴ տարածքում երկու գլխավոր հյուպատոսություն ունի՝ Սանկտ –Պետերբուրգում եւ Եկատերինբուրգում, իսկ Ռուսաստանն Ադրբեջանում միայն դեսպանատուն ունի:

Բայց ինչու՞ Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն չի ուզում ունենալ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում, այլ հատկապես՝ Ստեփանակերտում,- հարցադրում է անում haqqin.az-ը եւ մատնանշում, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրն այդ քաղաքում «ընտրատեղամաս է բացվել»: Նույն օրը ԼՂ-ում գտնվող ռուսաստանցի զինծառայողները քվեարկե՞լ են նախագահի ընտրություններում: Գուցե հրամանատարական կետում կազմակերպվել է, բայց Ստեփանակերտում եւ այլ բնակավայրերում պաշտոնապես ընտրատեղաս չի բացվել:

Իշխանական մամուլի այս դիտարկումից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին փորձել է «ցրել»՝ առաջարկելով, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացվի Գյանջայում: Քաղաքը հայնի է նրանով, որ խորհրդային շրջանում այնտեղ դեսանտային դիվիազիա է տեղակայված եղել, բացառված չէ, որ մեկ-երկու տասնյակ ռուսներ մնացել են, նրանցից ոմանք, գուցե, ՌԴ քաղաքացիություն ունեն: Գյանջայում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հանրությանը կարելի է ներկայացնել այդ փաթեավորմամբ, ինչը դժվար է Ստեփանակերտի դեպքում:

Բաքվի լրատվամիջոցն ասում է, որ Ստեփանակերտում «ՌԴ քաղաքացիներ չկան, իսկ ռուս խաղաղապահները հեռացել են»: Այսինքն՝ ու՞մ պետք է հյուպատոսկան ծառայություն մատուցի Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: Բայց եթե հարցը ԴԺ Վերին պալատի պրոֆիլային կոմիտեի նախագահի մակարդակով բարձրացվել եւ հրապարակայնացվել է, ուրեմն Մոսկվան «Գյանջայի գլխավոր հյուպատոսության» տարբերակը չի ընդունում եւ, ինչպես ռուսներն են ասում՝ «ցուլին բռնել է պոզերից»:

Մինչեւ այս տարվա վերջ Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին Գրիգորի Կարասինի ասածը փաստացի «դիվանագիտական վերջնագիր է»: Հակառակ դեպքում նա կբավարարվեր հարցը քննարկելու առաջարկությամբ: Առկա է շատ ինտրիգային իրավիճակ. արդեն երկրորդ տարին է՝ Թուրքիան խոսում է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին, բայց երբեք ժամկետներ չեն նշվել: Մոսկվան հստակ նախանշում է «գործարքի կայացման վերջնաժամկետը»:

Վլադիմիր Պուտինին կահաջողի՞ «ոլորել Իլհամ Ալիեւի վիզը»: Դաշնային ժողովի Վերին պալատը հաստատում է ՌԴ ուժային կառույցների եւ արտգործնախարարի թեկնածությունները, դա պետական դուման չէ: Այդ պալատին է վերապահված Զինված ուժերի կիրառման մասին նախագահի հրամանագրի հաստատումը: ԴԺ Վերին պալատը փաստացի նախագահական իշխանության օրենսդրական ապահովման մարմին է: Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարել Մինսկ, պետական՝ Տաշքենդ:

Հետխորհրդային տարածքի ռեինտեգրացիայի ծրագրում Ադրբեջանն ընդգրկված է՝ որքան էլ Բաքուն տեսք է ընդունում թե «սուվերեն արտաքին քաղաքականություն է վարում»: Ըստ երեւույթին, Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրությունը խորքով Ադրբեջանի հավատարմության թեսթ է: Մենք ենթադրել էինք, որ հետխորհրդային տարածքում Պուտինի ուղեւորության հաջորդ հասցեն Բաքուն է լինելու:

Եթե Պուտինը «ոլորի Ալիեւի վիզը»-իսկ Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը կնշանակի Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան ներկայության ֆորմալ երաշխիք, աա Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենա Իրանի եւ, գուցե, Թուրքիայի հետ:

Մայիսի 28-ին, որ Ադրբեջանում պաշտոնապես նշվում է որպես անկախության օր, նախագահ Իլհամ Ալիեւն արարողակարգային որեւէ միջոցառում չի անցկացրել3, տիկնոջ եւ ավագ դսետր ուղեկցությամբ մեկնել է Աղդամ: Ինչպես տեղեկացնում է նրա պաշտոնական կայքը, նա ներկա է գտնվել մի քանի գյուղի «վերականգման հիմնարկքեին»: Ալիեւներն այնուհետեւ եղել են օկուպացված Իվանյան համայնքում, որտեղ «ծանոթացել են վերանորոգված եւ վերականգնված շենքերի բնակարանային պայմաններին»:

Նույն օրը Բաքվի մերձակա Նովխանի ավանում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «հիմնադիր-հայր» Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ հանրահավաք է անցկացրել նախ «Մուսավաթ» կուսակցությունը, ապա այսպես կոչված՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը: Փաստը, որ Ռասուլզադեի հուշարձանի մոտ «համակարգային ընդդիմությունը» ոչ թե միասնական, այլ առաձին հանրահավաքներ է անցկացրել, վկայում է նրանց միջեւ տարաձայնությունների մասին:

Հանրահավաքի ելույթում «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարը կարեւոր է «ղարաբաղյան պատերազմի հաղթանակը»: Միաժամանակ նա ասել է, որ «Մուսավաթը» դեռեւս չի հասել իր նպատակների իրականացմանը, այն է՝ «հաղթահարել մեկ անձի իշխանությունը, հաստատել ժողովրդավարություն եւ սերտացնել Թուրքիա-Ադրբեջան կապը»: Նա հայտարարել է, որ կուսակցությունը շարունակելու է իր նպատակներին հասնելու պայքարը՝ «ճնայած անբարյացկամների քննադատությանը»:

Ակնարկն այս դեպքում շատ թափանցիկ է. Գամբարը «Մուսավաթի» առաջնորդ է վերընտրվե ապրիլին: Ադրբեջանում տպավորություն կա, որ նա քաղաքականություն է վերադարձել, որպեսզի «առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունից բաժին ստանա»: Գամբարը 1992-93 թվականներին Գերագույն խորհրդի նախագահ էր եւ իր հրաժարականով հարթել է Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձի ճանապարհը:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքում ելույթ է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Նա հատկապես շեշտել է, որ անկախ ադրբեջանական պետության հիմնադիրը Մամեդ Էմին Ռասուլզադեն է, նրա ավանդույթները պետք է վերականգնվեն: Քերիմլին հայտարարել է, որ նախօրեին ոստիկանությունը բռնություններ է կիրառել, բայց «կուսակցության հազարավոր համակիրների ներկայությունը վկայում է, որ Ռասուլզադեի, ԱԴՀ իդեալները հնարավոր չէ պոկել ադրբեջանցիների սրտերից»:

Անկախության օրվա արարողակարգային միջոցառումների բացակայությունը հասկանալի է. իշխանության քարոզչությունը Հեյդար Ալիեւին է անվանում անկախ պետականության հիմնադիր եւ համազգային առաջնորդ: Ալիեւը չի կարող հարգել Ռասուլզադեի հիշատակը: Ուշագրավ է, որ «Մուսավաթի» առաջնորդն իր ելույթում իշխանության հասցեին ուղղակի քննադատություն չի հնչեցրել: Ընդհակառակը, Թուրքիա-Ադրբեջան հետագա սերտաճման նրա քարոզչությունը կարող է Ալիեւի համար արտաքին քաղաքական ռեսուրս լինել:

Ակնհայտ է, կարծես, որ Ժողճակատի առաջնորդ Քերիմլին առայժմ ներքաղաքական հնարավոր վերադասավորումներից դուրս է մնում: Հնարավոր է՝ դա մարտավարական քայլ է: Նրա զինակից, Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլեւին սոցցանցային գրառում է արել. «Բոյկոտում ենք ընտրությունները՝ մեզ մեղադրում են, ուզում ենք մասնակցել՝ մեզ կապում են իշխանության հետ: Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անենք»:

Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, քաղաքական նոր հայտատու չի լինի: Ամեն ինչ վերադառնում է 1990-ական թվականների դասավորությանը: Եթե, իհարկե, Ժողճակատը չդիմի ռադիկալ քայլերի: Բայց այդ հավանականությունը գրեթե զրոյական է. Քերիմլիի ընտանիքն ապրում է Լոնդոնում: Եւ նրա ծախսած ամեն մի ֆունտ ստեռլինգի ծագումն Իլհամ Ալիեւը գերազանց գիտի: Քերիմլիի հակառակորդները երբեմն չափազանց բաց ակնարկում են, որ նրա ընտանիքի լոնդոնյան զվարճությունները վճարում է Socar պետական ընկերությունը: