22/11/2024

Եթե Հայաստանում «քաղաքացիական բախումներ սկսվեն»՝ Մոսկվայի միջամտությունը լեգիտի՞մ կլինի

Մայիսի 27-ին Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի միջազգային հարցերի կոմիտեում ընդունել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվիրակությանը՝ համասեռ կոմիտեի նախագահ Սեիդովի գլխավորությամբ:

ԴԺ Վերին պալատի միջազգային հարցերի կոմիտեն գլխավորում է Գրիգորի Կարասինը: Նա սենատոր է նշանակվել՝ թողնելով փոխարտգործնախարարի պաշտոնը, որտեղ զբաղվել է Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի հարցերով: Այդ հանդիպումն այնքան է կարեւոր, որ ՏԱՍՍ պետական գործակալությունը Միլլի մեջլիսի պատվիրակության ղեկավարի հետ հարցազրույց է ունեցել:

Սեիդովն ասել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները «ոչ ոք խաթարել չի կարող, քանի որ դրանք փոխշահավետ եւ ռազմավարական են»: Ռուս-ադրբեջանական հանդիպումից ժամեր անց մամուլը տարածել է ԴԺ Վերին պալատի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Ջաբարովի թելեգրամյան գրառումը, որ նվիրված է հայ-ռուսական հարաբերություններին: Արձանագրելով, որ Հայաստանում վարչապետ Փաշինյանի դիրքերը «բավական ամուր են»՝ ռուսաստանցի սենատորը հավաստիացնում է, որ Մոսկվան «պատրաստ է աշխատել Երեւանում ցանկացած իշխանության հետ, միայն թե այնտեղ մարդկային զոհեր չլինեն»:

Եթե Ջաբարովն արձանագրում է, որ «բողոքական շարժումը» չի սասանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա ի՞նչ է նշանակում «Երեւանում ցանկացած իշխանության հետ աշխատելու Մոսկվայի պատրաստակամությունը»:

Քաղաքական տրամաբանությունը եւ, մանավանդ, դիվանագիտական պատշաճությունը պահանջում է, որ Մոսկվան Փաշինյանի հետ աշխատանքը բնականոն ընթացքով շարունակելու պատրաստակամություն հայտնի: Իսկ Ջաբարովի ասածից կարելի է ենթադրել, որ չնայած Փաշինյանի դիրքերը չեն սասանավել, Ռուսաստանն, այնուամենայնիվ, Հայաստանում իշխանափոխության հնարավորությունը սպառված չի համարում:

Այլապես ի՞նչ իմաստ ունի նախապես «ձեռքերը լվանալ»՝ ասելով, թե քաղաքական ցանկացած ընտրություն ընդունելի է, միայն թե «այնտեղ մարդկային զոհեր չլինեն»: Ի՞նչ արյան մասին է խոսքը: Ռուսաստանցի սենատորն «զգուշացմում» է, որ Հայաստանը կրկին կարող է ագրեսիայի՞ ենթարկվել, ներքաշվել տարածաշրջանային պատերազմի մե՞ջ, թե ակնարկում է, որ Հայաստանում առկա է «քաղաքացիական բախումների սպառնալի՞ք»:

Մի կողմից ընդունել, որ Փաշինյանը «երկու անգամ ընտրություններով պահել է իշխանությունը»՝ ինչպես Ջաբարովն է խոստովանել, մյուս կողմից խոսել «մարդկային զոհերի հավանականությունից»՝ առնվազն արտառոց է, եթե չասվի՝ չափազանց ինտրիգային:

Իսկ գուցե դա ազդակ է, որպեսզի ընդդիմությունը «խոսքից անցնի գործի՞»: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ,- ընդգծում է ռուսաստանցի սենատորը: ՀԱՊԿ Կանոնադրությամբ անդամ երկրներից մեկի սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում կազմակերպությունը կարող է միջամտել:

Եթե Հայաստանում «քաղաքացիական բախումներ սկսվեն»՝ Մոսկվայի միջամտությունը լեգիտի՞մ կլինի: Թե դա «կարվի ցանկացած այլ իշխանության խնդրանքով»: Ասենք՝ Կիրանցից Մոսկվա հղված հեռագրի հիմքով: Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի: