22/12/2024

Լարված իրավիճակ Արմավիրում. ոստիկանները 5 ժամից ավել բանակցել են կասկածյալի հետ, ապա վնասազերծել, հնչել են կրակոցներ

Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Այդ օրը ոստիկանության ծառայողները մեկնել են Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկը, քանի որ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գոռ Վարդանյանը թաքնվում է նշված տանը։

Ոստիկանները, հետո նրանց միացած պարեկները, մոտ 5 ժամ բանակցություններ են վարել Գ. Վարդանյանի հետ, որպեսզի նա ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, դուրս գա տան նկուղից և իրենց հետ մեկնի ոստիկանության Արմավիրի բաժին։

5 ժամ բանակցություններ վարելու ընթացքում Գ. Վարդանյանը մի քանի կրակոց է արձակել, ի վերջո, առավոտյան 09:00-ի սահմաններում ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։

Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն եղանակով պատրաստված երկփողանի ինքնաձիգի փամփուշտ, կրակելու համար նախատեսված՝ հրազենի նմանվող առարկա, որի 2 փողերի մեջ փորձաքրեագետը հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։ Իսկ զինվորական վերնազգեստի գրպանում հայտնաբերվել են 11 հատ ինքնաձիգի փամփուշտ, գաղտնի փականով դանակ, սև գույնի կպչուն ժապավեն և այլ իրեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնում Վարդանյանը հայտնել է, որ այդ ամենն իրենն են, ինքնաշեն հրազենի նմանվող առարկան և երկաթե գլանակը ինքն է պատրաստել՝ ինքնաձիգի և գազային ատրճանակի փամփուշտներ կրակելու համար։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։