08/09/2024

Որքա՞ն է կազմել միջին անվանական աշխատավարձը. Վիճկոմիտեն հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի տվյալները

Միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 282 հազար 879 դրամ։ Այս մասին տեղեկացանք Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկանքից։

Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (8.2%) միտում գրանցված գնանկման (1.2%) նկատմամբ:

ՎԿ-ն ներկայացրել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձի աճի դինամիկան։ Ըստ այդմ՝ 2019-ին այն կազմում էր 182 հազար 673 դրամ, 2020-ին՝ 189 հազար 716 դրամ, 2021-ին՝ 204 հազար 48 դրամ, 2022-ին՝ 235 հազար 576 դրամ, նախորդ տարի էլ՝ 269 հազար 994 դրամ։

Ըստ ՎԿ-ի՝ ամենաբարձր աշխատավարձը 2024-ի առաջին եռամսյակում արձանագրվել է Երևանում՝ 323 հազար 767 դրամ, այնուհետև Սյունիքում՝ 294 հազար 704 դրամ, երրորդ տեղում անվանական աշխատավարձի բարձր լինելով Տավուշն է՝ 202 հազար 89 դրամ։ Ամենացածր աշխատավարձը այս տարվա առաջին եռամսյակում Շիրակի մարզում է արձանագրվել՝ 141 հազար 582 դրամ, Գեղարքունիքում էլ, ի համեմատ Շիրակի, փոքր-ինչ է բարձր միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 143 հազար 491 դրամ։

Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը, ինչպես տեղեկանում ենք ՎԿ-ից, 2023թ. IV եռամսյակում կազմել է 1 354.5 հազ. մարդ, որոնց 86.9%-ը կամ 1 177.1 հազ. մարդ զբաղված է եղել տնտեսության մեջ, այդ թվում 14.8%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում։ ՎԿ-ի կողմից 2022թ. իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն (ըստ ԵՄ անդամ-երկրներում կիրառվող Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանության)՝ գործազրկության մակարդակը (հետազոտվել է 7 788 տնային տնտեսություն) կազմել է աշխատուժի 13.5%-ը կամ 176.6 հազ. մարդ: