15/01/2025

Վրաստանի իշխանությունները վախենում են նոր հեղափոխությունից՝ արջն ահից է գոռում

Վրաստանում իրադարձությունները չեն հանգի մայդանի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով երկրում արդեն շաբաթներ շարունակ իրականացվող զանգվածային բողոքի ակցիաներին՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ:

Վրաստանը հասել է օրենքի կիրառման ըստ էության վերջին կետին, այսինքն՝ նախագահի կամ խորհրդարանի նախագահի ստորագրությանը: Այն նախագահի նստավայրում է, եթե Սոլոմո Զուրաբիշվիլին չստորագրի, ապա դա կանի արդեն խորհրդարանի նախագահը, որը կառավարող կուսակցության ներկայացուցիչն է:

Այն, որ Վրաստանում վճռվող հարցը չունի միայն ներվրացական նշանակություն, վկայում է հենց միայն արեւմտյան վերաբերմունքը: ԱՄՆ ու Եվրամիությունը Թբիլիսիին սպառնում են ընդհուպ պատժամիջոցներով, թեեւ Վրաստանի կառավարությունը դրանց հակադարձում է ոչ պակաս կոշտ, ասելով, որ Արեւմուտքն ու Եվրոպան այդպիսով կպատժեն հենց իրեն, այլ ոչ թե Վրաստանին:

Եվ այստեղ իհարկե պետք է արձանագրել, որ մեղմ ասած կա ճշմարտության շոշափելի հատիկ: Վրաստանի հանդեպ կիրառելով պատժամիջոց, ԱՄՆ ու Եվրամիությունը Վրաստանն ավելի օտարելու է իրենից: Իսկ դրանից օգտվելու են առաջին հերթին Թուրքիան ու Ադրբեջանը, նաեւ Ռուսաստանը, եւ ընդհանրապես՝ Արեւմուտքի աշխարհաքաղաքական մրցակիցները, այդ թվում հեռավար խաղացող, սակայն բավականին հանդարտ ու սառնասիրտ առաջ շարժվող Չինաստանը:

Այլ կերպ ասած, Վրաստանը «չի կորի», բայց փոխարենը Կովկասում էապես կսահմանափակվի ԱՄՆ ու Եվրամիության գործունեության հնարավորությունը: Եթե իհարկե Վաշինգտոնն ու Բրյուսելը չունեն հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելու մտադրություն, այն մոտեցման շրջանակում, որ նրանք բարձրաձայնել են՝ Կովկասում իրենց գլխավոր դաշնակից դիտարկելով Թուրքիային:

Պետք չէ բացառել, որ նրանք անկարող լինելով ազդել Թբիլիսիի վրա այդ հարցում, փորձում են պլան Բ-ի տրամաբանությամբ ստեղծել Թուրքիայի ազդեցության ընդլայնման հնարավորություն, հատկապես փորձարկված ունենալով ռուս-թուրքական «փոխադարձ զսպման»՝ իրենց համար արդյունավետ մոդելը: Իհարկե դժվար է ասել, որ Վաշինգտոնը կամ Բրյուսելը հեշտ կհանձնվեն Վրաստանում, որը դեռ ունի 2024 թվականի խորհրդարանի ընտրության հարց:

Իսկ այդտեղ կարծես թե ընդդիմության առաջնորդող թեկնածու է ուզում դառնալ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշբվիլին: Հիշեցնեմ, որ Զուրաբիշվիլին Վրաստան է եկել Ֆրանսիայից, որտեղ այդ երկրի քաղաքացի լինելուց բացի, նաեւ աշխատում էր այդ երկրի արտգործնախարարությունում:

Սա ուշագրավ հանգամանք է առ այսօր, եւ այն, որ Զուրաբիշվիլին կարող է գլխավորել Վրաստանի ընդդիմությունը, կարող է դառնալ բավականին ուշագրավ սցենարային զարգացումներ դիտարկելու հիմք, այդ թվում եւ Հայաստանի դիտանկյունից: