22/11/2024

Մի հանդիպման քաղաքական սղագրություն. Պուտին, Ալիև, Սարգսյան

2014 թ. օգոստոսի 10-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի բաց մասը սղագրական ճշգրտությամբ փոխանցել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Բացման խոսքում Պուտինն ասում է, որ նախորդ օրն առանձին հանդիպումներ է անցկացրել Սերժ Սարգսյանի եւ Ւլհամ Ալիեւի հետ, իսկ երեկոյան ոչ ֆորմալ շփվել են եւ կարծում է, որ դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի խոսեն ամենաբարդ, ծանր հարցերի շուրջ, որ կապված են ռեգիոնալ կարգավորման հետ: Ուշադրություն է հայցում, որ Ռուսաստանի նախագահը խոսում է ոչ թե ԼՂ, այլ՝ ռեգիոնալ, այսինքն՝ հարավ-կովկասյան կամ առհասարակ կովկասյան ռեգիոնի կարգավորման մասին:

Շնորհակալություն այդ հարցի նկատմամբ Ձեր վերաբերմունքի համար: Ինչպես մենք երեկ քննարկել ենք, այդ հարցը լուծում է պահանջում: Ինչպես նշեցիք, գոյություն ունի բանակցությունների ձեւաչափ, առկա է նաեւ հակամարտության կարգավորման իրավական հիմքը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել, որ պահանջում են Ադրբեջանի տարածքից անհապաղ եւ առանց նախապայմանների դուրս բերել հայկական օկուպացիոն զորքերը,- ասում է Իլհամ Ալիեւը:

Մենք գտնում ենք, որ հակամարտությունն իրոք կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջումների եւ այն սկզբունքների հիման վրա, որ մեզ առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Եթե մենք վերադառնանք 90-ականների դառնություններին, ապա մի կողմից, կարծում եմ, լավ կլինի, մյուս կողմից ինչ-որ բան կձգձգվի:

Լավ կլինի, որովհետեւ այն ժամանակ մենք որոշել ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ եթե մենք նորից մեղադրենք մեկս մյուսին, ես կարծում եմ՝ հակամարտությունը երկար ժամանակ չի լուծվի,-հակադարձում է Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի նախագահն ամփոփում է, որ հաճույքով արձանագրում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից խնդրի խաղաղ կարգավորման պատրաստակամությունը, դա իրականում ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկային զոհերն են: Եւ մենք պետք է համբերատար լինենք, իմաստնություն ունենանք, հարգենք մեկս մյուսին, որպեսզի լուծումը գտնվի: Անկասկած, ցանկացած բարդ իրավիճակ հանգուցալուծում ունի, եթե բարի կամքն առկա է,-եզրափակում է Պուտինը:

Եթե նախորդ երեկոյան ոչ ֆորմալ շփումից հետո Ադրբեջանի նախագահը կարգավորման,-ընդ որում՝ չի էլ ասում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի, այլ օգտագործում է «այդ հարցի» արտահայտությունը,- իրավական հիմք է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, իսկ Հայաստանի նախաֆահը պնդում, որ կարգավորումը պետք է լինի փոխզիջումային եւ այն սկզբունքների,- չի ասում՝ մադրիդյան, բայց հասկացվում է,-հիման վրա, որ ՄԽ համանախագահներն են ներկայացրել, իսկ ընդունող կողմը գերակա է տեսնում պատերազմի վերսկսման բացառումը, ապա կարելի է միայն ենթադրել, թե ինչ մթնոլորտում են բանակցությունները շարունակվել:

Ընդ որում, դա այսպես ասած՝ «կրիզիս» հանդիպում էր, օգոստոսի սկզբից շփման գծում Ադրբեջանը կտրուկ սրել էր իրավիճակը: Նույն տարվա նոյեմբերին Ադրբեջանը խոցեց ուսումնա-վարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը:

Ուշագրավ է, որ 2014 թվականը Ղրիմի «մայր հայրենիքին վերամիավորման» տարին էր: Այդ հանդիպումից չորս ամիս առաջ Ստեփանակերտում Ղրիմի «ինքնորոշման» առթիվ բազմամարդ տոնախմբություն էր կազմակերպվել: