1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել: Նկատելի է, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ուշագրավ զարգացումներ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել:
Ավելին՝ լրացել է նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:
Ուժայինները մինչ օրս սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է»»։
Բաց մի թողեք
Նմանատիպ փաստերի հայտնի դառնալուց հետո կառավարություններ են հրաժարական տվել. Լուսանկարներ
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են
Ժողովրդավարության «առաջամարտիկ» ՔՊ-ն շարունակում է ազատվել իր ընդդիմախոսներից. Լուսանկար