Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33–ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ։
Հասնելով հիշյալ ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատված՝ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված վտանգի առաջացման պահից սկսած, առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, անհրաժեշտության դեպքում նաև կանգնելու, շարունակել է երթևեկությունը, կատարել լույսերի հեռահարից մոտակա միացում և ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ։
Արդյունքում՝ իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան բախվել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենայի վարորդը և 11 ուղևոր մահացել են, ևս 4 ուղևորի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման համակցված միջոցներ են ընտրվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։


Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ