10/10/2024

Պատերազմները՝ բազմաստիճան քննարկումներ Վաշինգտոն – Պեկին մակարդակում

Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում, ըստ տարածված հաղորդագրությունների, քննարկվել են Ռուսաստանին չինական սպառազինության մատակարարմանը, Թայֆանի խնդրին առնչվող հարցեր:

ԱՄՆ եւ Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի է ունենում Նահանգների պետքարտուղար Բլինքենի՝ Չինաստան կատարած այցից շաբաթներ անց: Բլինքենի չինական այցը կարծես թե առանձնապես բան չէր փոխել ուկրաինական պատերազմի եւ Թայվանի հարցում կողմերի դիրքորոշումներում: Օրեր առաջ էլ Չինաստանը Թայվանի ափին մեկնարկեց խոշոր ռազմա-ծովային վարժանք:

Ընդ որում, դրա ֆոնին, Global Press միձազգային տեղեկատվական հարթակը հայտնեց տեղեկություն՝ Չինաստանի ՊՆ իր աղբյուրին հղումով, որ Պեկինը հունիսի սկզբին ռազմական գործողություն կիրականացնի Թայվանի դեմ: Ռոյթերզը հայտնել է այսօր, որ Չինաստանը հրաժարվել է մասնակցել նաեւ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում անցկացվելիք խաղաղության կոնֆերանսին:

Պեկինը հայտարարել է, որ կողմնակից է խաղաղության այնպիսի կոնֆերանսի, որն ընդունելի կլինի թե Ուկրաինայի, թե Ռուսաստանի համար: Շվեյցարիայում խաղաղության կոնֆերանսին չմասնակցելը թերեւս լայն իմաստով պարունակում է այլ ազդակ՝ Պեկինը չի փորձում մտնել խաղաղության օրակարգի հարցում Արեւմուտքի հետ քննարկումների պատասխանատվության դաշտ:

Շվեյցարիայի կոնֆերանսը ըստ էության միայն առիթով կամ առերեւույթ է Ոււկրաինայի պատերազմի մասին, իսկ լայն իմաստով այն համաշխարհային հիբրիդային պատերազմի մասին է: Այդ կոնֆերանսին չմասնակցելը նշանակում է, որ Պեկինը ըստ էության առնվազն վաղ է համարում Արեւմւտքի, այլ կերպ ասած՝ ԱՄՆ հետ խաղաղության հարցեր քննարկելը:

Ահա այդ ֆոնին, հարցեր են քննարկում ԱՄՆ ու Չինաստանի պաշտպանության նախարարները եւ Սինգապուրում նրանց քննարկումը ըստ էության քննարկում է պատերազմի մասին:

Այստեղ նշմարվում է բավականին նույնական մի գործընթաց՝ ուկրաինական պատերազմին նախորդող ռուս-ամերիկյան քննարկումների հետ նույնական: 2021 թվականի հունիսից ի վեր սկսեցին Ռուսաստան-ԱՄՆ տարբեր մակարդակի բանակցություններ, թե առաջին դեմքերի, թե բարձրաստիճան ռազմական եւ դիվանագիտական պաշտոնյաների միջեւ:

Դրանց հետահայաց դիտարկումը թույլ է տալիս առնվազն մտածել այն մասին, որ վեցամսյա այդ բազմաշերտ բանակցությունը գործնականում հասունացող պատերազմի մասին էր, այլ ոչ թե խաղաղության: Գործնականում, այսօր բազմաստիճան քննարկումներ են ծավալվում Վաշինգտոն-Պեկին մակարդակում: