15/10/2024

5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել․ համացանցային խարդախություններ են բացահայտվել

Մայիսի 24-ին Մասիսի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն խարդախության վերաբերյալ:

Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարարական հենասյուներ վարձակալելու պատրվակով շինարարական ապրանքները անձանցից վերցնում, տեղափոխում են Մասիս և շուկայականից էժան գնով վաճառում:

Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ 34-ամյա մասիսցի և 33-ամյա երևանցի տղամարդիկ սոցիալական կայքում տեղադրված հայտարարության նշված հեռախոսահամարով կապվել են Օշական գյուղի մի բնակչի հետ, յոթ հազար դրամով վարձակալելու պայմանով պատվիրել են շինարարական հենասյուներ: Այնուհետև մասիսցի 24-ամյա երիտասարդի և մի երրորդ անձի միջոցով կազմակերպվել է ավելի քան 400 մետր հենասյուների տեղափոխումը Մասիս` 37-ամյա տղամարդու տուն:

Հենասյուները 400 հազար դրամով վաճառելու վերաբերյալ գնորդի հետ պայմանավորվել էին նախօրոք: 40-ամյա երևանցի գնորդի նշած վայր տեղափոխելու համար 24-ամյա մասիսցին պայմանավորվել է 59-ամյա համաքաղաքացու հետ, որի բեռնատար «ԳԱԶելով» էլ փորձել են իրականացնել այս վերջին գործողությունը: Սակայն մայիսի 24-ին, ժամը 19։10-ին, Մասիսի ոստիկանները, խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 24-ամյա և 59-ամյա տղամարդկանց և տեղափոխել ոստիկանության Մասիսի բաժին:

Երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան ու գողոնով բարձած «ԳԱԶելը» տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:

Հաջորդ օրը Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների և օպերատիվ նոր տեղեկությունների արդյունքում հայտնի են դարձել խարդախության նոր դրվագներ:

Պարզվել է, որ նույն կերպ՝ խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ապրիլի 29-ին նրանք մի երևանցուց հինգ հազար դրամով իբր վարձակալել են մոտ 200 մետր հենասյուներ, որոնք տեղափոխել են Մասիս և 300 հազար դրամով վաճառել:

Նույնը կատարվել է նաև ապրիլի 26-ին: Այս անգամ խարդախները իբր վարձակալել են կաղապարներ` օրական երկու հազար դրամով, դրանք տեղափոխել Նորաբաց գյուղ և 24 կաղապարը վաճառել 300 հազար դրամով:

Քննությանն առայժմ հայտնի է այսքանը: Բոլոր տուժածներից ընդունվել են հաղորդումներ: Ձեռնարկվում են հանցագործության մյուս մասնակիցներին և հափշտակված կաղապարները հայտնաբերելու ուղղությամբ: