Համաձայն Ֆորբսի հաշվարկի, Հայաստանը ռեգիոնալ երկրների շարքում ունի պետական պարտքի ամենամեծ բեռը՝ ՀՆԱ 50,5 տոկոսի չափով: Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուները համարում են, որ պարտքի այդ չափը ծանր չէ եւ կարեւոր է, թե պետությունն ինչպիսի տնտեսական ցուցանիշներ ունի եւ ինչպես է պարտքի սպասարկման կարողությունը:
Այդ առումով նրանք չեն տեսնում վտանգ: Իհարկե հազիվ թե վտանգ տեսնելու դեպքում ասեին այդ մասին, քանի որ դա կնշանակեր, որ տնտեսական բլոկը ձախողված է եւ պետք է հեռանա:
Առայժմ տնտեսական բլոկից «հեռացել» է միայն էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, այն էլ ոչ թե տնտեսական քաղաքականության անարդյունավետության, այլ կոռուպցիայի գործով, որով անցնում է եւ ներկայումս գտնվում է տնային կալանքի ռեժիմում: Քերոբյանի փաստաբանները պնդում են, որ գործը շինծու է: Փոխարենը որեւէ գործ հարուցված չէ տնտեսական բլոկում խոշոր տապալումներից մեկի համար՝ Ֆլայ Արնա ավիաընկերության, որը ստացել էր ազգային փոխադրողի կարգավիճակ: Այդ ընկերությունը ստեղծվել էր պետական ներդրումով՝ 10 միլիարդ դրամ, արաբական Էյր Արաբիա ավիաընկերության հետ համատեղ:
Հայկական կողմը ներկայացված էր ազգային հետաքրքրությունների հիմնադրամով, որի ղեկավար կազմը ամբողջությամբ փոխվեց տարեսկզբին, ինչից հետո էլ հայտարարվեց նաեւ հիմնադրամի ամենախոշոր ծրագրի՝ Ֆլայ Արնային տապալման մասին: Բայց, որեւէ մեկը դեռ չի ենթարկվել պատասխանատվության, չի հարուցվել քրեական գործ: Հայաստանում տնտեսական բարձր ցուցանիշների պայմաններում, ակնառու է, որ բավականին ցածր է տնտեսության արտադրողականության աստիճանը: Բարձր ցուցանիշները ապահովվում են վերաարտահանումների շնորհիվ, որոնք ՌԴ դեմ պատժամիջոցների արդյունք են:
Սա էլ Հայաստանի տնտեսությունը դարձնում է քաղաքականապես խոցելի՝ երկրորդային պատժամիջոցնների ռիսկի պատճառով: Ակնառու է, որ Հայաստանը մի կողմից կարողանում է օգտվել արտաքին կոնյուկտուրայից, մյուս կողմից սակայն Հայաստանը որեւէ կերպ գործնական առաջընթաց չունի այդ օգուտը տնտեսության արտադրողականության աստիճանը բարձրացնելուն ուղղելու հարցում:
Ստացվում է, որ տնտեսությունն աճում է, իսկ դա պետության նաեւ քաղաքական կենսունակության հիմքն է, սակայն մեր պարագայում այն աճում է այնպիսի գործիքակազմով եւ մեթոդաբանությամբ, որ քաղաքական առումով պետությունը գտնվում է ավելի խոցելի, քան կենսունակ վիճակում:
Քաղաքական կենսունակության հասնելու համար խիստ անհրաժեշտ է արտաքին կոնյուկտուրայից բխող տնտեսական էֆեկտն ուղղել տնտեսության արտադրողականության էական աճին, ինչը առայժմ չունի կայուն եւ հաստատուն դրեւորում, եւ Հայաստանն ըստ էության առայժմ ավելի շատ վայելում է արտաքին կոնյուկտուրան, քան այն վերածում ներքին «պաշարի»:
Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ