22/12/2024

Հինգ տարի անց Ագրարայինի Ապարանի քոլեջը չի կառուցվել

Կառավարության 2019թ. որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին էին փոխանցվել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 եւ 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ, այդ տարածքում Ագրարային համալսարանը պետք է կառուցեր գյուղատնտեսական քոլեջ: Այդ մասին Ապարանում 2018թ. դեկտեմբերի 4-ին հայտարարել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Քոլեջի վերակառուցման, վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների համար 2019թ. պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ: Որոշումն ընդունելուց հետո անցել է ուղիղ 5 տարի, սակայն մինչ օրս քոլեջը չի կառուցվել, իսկ Ագրարային համալսարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն բարեհաճում պարզաբանումներ ներկայացնել հասարակությանը՝ ինչու։