08/09/2024

ՀՀ բնակիչների համար Ռուսաստանում աշխատելու գայթակղությունն ու գրավչությունն էականորեն նվազել են․ ԿԲ նախագահ

Վերջին տարիներին դեպի Հայաստան միջազգային փոխանցումների թիվը էականորեն նվազել է։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով պատճառները։

«Մոտ մեկ տասնամյակ առաջ դրամական փոխանցումների տեսակարար կշիռը մոտավորապես 18 % էր մեր ՀՆԱ-ի մեջ, իսկ հիմա դա միանիշ թիվ է: Դրան նպաստող մի քանի գործոն կա։ Գործոններից մեկը, իմ կարծիքով, աշխարհաքաղաքական զարգացումներն են։ Մեր աշխատուժի համար տրադիցիոն աշխատանքի վայրը մշտապես եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումների հարաբերակցությունը մոտավորապես 80/20 էր լինում։ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները հնարավոր է, որի ազդում են»,- ասել է Գալստյանը։

Երկրորդ գործոնը, ըստ Գալստյանի, հայկական դրամով արտահայտված աշխատավարձերի և ռուսական ռուբլով աշխատավարձերի տարբերության էական նվազումն է։

«Այսինքն մարդը, որ, օրինակ, զբաղված է շինարարական ոլորտում, եթե աշխատանք իրականացնի ՌԴ-ում թե ՀՀ-ում, աշխատավարձի տարբերությունը բավականին փոքրացել է, որի արդյունքում ՀՀ բնակիչների համար Ռուսաստանում աշխատելու գայթակղությունն ու գրավչությունը բավականին նվազել է»,- ասել է նա։

Երրորդ գործոնը, ըստ ԿԲ նախագահի, պայմանավորված է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով 2022-ին Հայաստան մուտք եղած հսկայական դրամական փոխանցումներով։

«Սյն պիկերը, որ ունեինք 2022 թվականին, որոշակիորեն հաղթահարվեցին, ու հիմա այն, ինչ մենք ունենք, բնականոն վիճակն է, որին բավական մոտ ենք»,- ասել է Գալստյանը։