05/10/2024

Թուրքիան նոր պատերազմներ է հրահրում տարածաշրջանում, այն կազդի՞ Հայաստանի վրա

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Հաքարիի քուրդ քաղաքապետ Մեհմետ Սըդըկ Աքըշին Իշխանությունները նրան մեղադրում են արգելված Քրդական բանվորական կուսակցությանը գաղտնի անդամակցելու եւ քուրդ «զինառյալներին աջակցելու» մեջ:

Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական ինքնավարության պատասխանատուներից Սալեհ Մուսլիմը հայտարարել է, որ «չնայած Անկարայի սպառնալիքներին, ինքնավարության իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի հունիսի 11-ին տեղական ընտրությունները կայանան»:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պետելն ասել է, որ «Սիրիայում ցանկացած ընտրություն պետք է լինի արդար, թափանցիկ եւ ինկլյուզիվ եւ համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին»: Այն ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Մեկնաբաններն ուշադրություն են դարձնում հանգամանքին, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական ինքնավարությունը 2017թ. նույնպե ընտրություններ է անցկացրել, բայց Վաշինգտոնը «գերադասել է այդ մասին լռել»: Պետական դեպարտամենտի ներկայացուցչի վերջին հայտարարությունը նրանք բացատրում են «տարածաշրջանում պայթյուն թույլ չտալու ԱՄՆ լուրջ մտահոգությամբ». Թուրքիան կարող է այդ առիթն օգտագործել եւ լրացուցիչ զորքեր մտցնել Սիրիայի հյուսիս:

Հաքարիի քաղաքապետի ձերբակալությունը «կանխարգելիչ քայլ է, որպեսզի Թուրքիայի հարավային եւ հարավ-արեւելյան շրջանների քրդերը Սիրիայի հայրենակիցներին աջակցություն չցուցաբերեն» – կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Անտոն Մարդասովը:

Նա ուշադրություն է հրավիրում Իրաքում սպասվող խորհրդարանական ընտրություններին, որին մասնակցելու նախնական համաձայնություն են տվել քրդական քաղաքական ուժերը եւ կարեւորում Իրանի ազդեցությունը:

Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարությունը փաստացի գոյություն ունի շնորհիվ ամերիկյան աջակցության: Քրդական ուժերը մասնակցել են ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ բոլոր ռազմագործողություններին: Սկզբունքորեն Վաշինգտոնին ձեռնտու է, որ Սիրիան ֆորմալ առումով պահպանի ամբողջականությունը, բայց սահմանադրությամբ ճանաչվի նաեւ Ինքնավար Քրդստան:

Թուրքիան դա ընկալում է որպես տարածաշրջանում «ահաբեկչական պետություն կազմավորելու աշխարհաքաղաքական նախագիծ» եւ համարում, որ իր «ամբողջականությունը վտանգված է, քանի դեռ քրդական ահաբեկչությունը ջախջախված չէ»:

Ուկրաինական պատերազմին նախորդած շրջանում Ռուսաստանը մի քանի փորձ է ձեռնարկել՝ կազմակերպելու Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների հանդիպում, բայց կողմերն այդպես էլ նախնական համաձայնության չեն հանգել:

Իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում Իրանի ներքին իրավիճակը, բայց Մարդասովը համոզված է, որ «չնայած անորոշությանը, Թեհրանը չի գնա զիջումների»: Դա նշանակում է, որ թուրքական ուժերը եւ իրանական պրոքսի-խմբավորումները Սիրիայի հյուսիսում «կարող են բախվել»: Սիրիայի նկատմամբ չափազանց կոշտ մոտեցում ունի Իսրայելը: Վերջին օրերին իսրայելական օդուժը Հալեպի շրջանում օդային հարվածներ է հասցրել: Ռուսաստանը դատապարտել է այդ հարձակումները, գնահատել որպես «Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն»:

Politico-ի տեղեկացվածությամբ՝ Բայդենի վարչակազմում վերջնական գնահատական չկա, թե Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում Թուրքիայի «հատուկ ռազմական գործողությունը Մերձավոր Արեւելքում ինչ վերադասավորումների կբերի»: Իշխող տեսակետ է, որ Վաշինգտոնը «խիստ զգուշացած է, որ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովում կբացահայտվեն դաշինքի ներքին հակասությունները եւ չի ցանկանում, որ Թուրքիան դեմարշ հայտնի»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի կեսերին: Մինչ այդ Պրահայում դաշինքի անդամ երկրների արտգործնախարարներն «Ուկրաինայի հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել»: Եթե ԱՄՆ-ը «դավաճանի» Սիրիայի քրդերին, ապա նրանք կապստամբե՞ն: Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի դետոնացիան կանցնի Հարավային Կովկա՞ս: