Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում էր կատարել, որտեղ նշել էր՝ երկրի կրթական համակարգը կարող է կա՛մ պաշտպանել երեխաներին, կա՛մ թողնել անպաշտպան՝ չզարգացնելով նրանց, չտալով գիտելիք, հմտություններ ու արժեքներ, որոնք կառաջնորդեն՝ կոտրելով նրանց ոգևորությունն ու եռանդը։
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը այս համատեքստում նկատում է՝ երբ կրթական գերատեսչությունը որոշում կայացրեց անցում կատարել այն գիտելիքին, որոնցով երեխան կսովորի, կկիրառի, կձևավորի որոշակի վերաբերմունք ու տարբեր երևույթների նկատմամբ դիրքորոշում կունենա, այդ օրվանից կրթությունը դարձել է պաշտպանված։
Ըստ նրա՝ այդ պաշտպանվածությունը այժմ երեխաներին մեծ կարողություններ է տվել, որով նրանք կարող են տարբերել դրականն ու բացասականը։
Վերջինս հիշեցնում է 2021 թվականից ՀՀ կրթական համակարգում առկա խնդիրները։
«Մենք ունեինք մի իրավիճակ, երբ կրթական համակարգը հենված էր գիտելիքի փոխանցման վրա․ աշակերտները հիմնականում մտապահում էին գիտելիքը, որը չէր ուղղորդվում կարողությունների ձևակերպմամբ։ Դա հետագայում հանգեցրեց նրան, որ երեխաները սկսեցին ընկալել կարողությունները մաթեմատիկայից, պատմական գիտություններից։ Ընթերցանության որակն այնքան էր ընկել, որ, ըստ որոշ հետազոտությունների, երեխան կարողանում էր ընթերցել, բայց չվերարտադրել իր ընթերցածը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
2021 թվականից կրթությունը անցում կատարեց չափորոշիչների։ Դասավանդման ընթացքում ուսուցիչները սովորողների մոտ զարգացնում են այդ կարողությունները՝ հաղորդակցություն, քննադատական մտածողություն, մեդիագրագիտություն, որոնք այժմ շատ կարևոր բաղադրիչ են։
Թորոսյանի խոսքով՝ այդ նոր չափորոշիչներով ձևավորվեցին կրթական հետևյալ արժեքները․ «Աշակերտները սկսեցին սովորել ավելի ազատ, կառավարում են իրենց ժամանակը, գիտեն իրենց գիտելիքը, չեն վախենում առաջադրանքներ կատարել, այլ գիտեն՝ ինչպես ինքնուրույն կատարել դրանք, չեն շտապում, վստահ են։ Նոր մարդիկ են, նոր քաղաքացիներ, որոնք 12-րդ դասարանը ավարտելուց հետո ավելի շատ առաջ կգնան»։
Փորձագետը հավելում է, որ պատմությունը, անգիր անելով, արժեքներ չեն ձևավորվում․ «Երբ սովորողին հանձնարարություն ես տալիս, որ գնահատի Հայկի ու Բելի ճակատամարտը՝ ինչպիսի ազդեցություն ունեցավ Հայկի սերունդների վրա, ու երբ 9-րդ դասարանի աշակերտը իրեն ներկայացնում է որպես այդ սերունդ ու սկսում իր բառերով ու հույզերով բացատրել, հասկանում ես, որ մարդու մեջ էական բան է փոխվել»։
Իսկ երբ երեխային սովորեցնում ես ստեղծագործաբար մտածել, ավելի են հզորացվում հատկապես այն ազգային արժեքները, որոնք այսօր էլ պետք են երկրին, ու որոնց կարիքը հիմա շատ կա, կարծում է կրթության փորձագետը։ Ներկայիս սերունդը նախկիններից կարող է տարբերվել նաև կրթական նոր մակարդակով, ինչին դեմ չէ Թորոսյանը։ Այստեղ է, որ ընդգծվում է կրթության ու քաղաքականության կարմիր գիծը։
«Կրթությունն ու քաղաքականությունը իրար հետ կապ չունեցող գործընթացներ են։ Իհարկե, երբ կրթությունը լավ մակարդակի վրա է, իրավիճակներում ավելի լավ ես կողմնորոշվում, քան տարրական գիտելիք ունեցող մարդը։ Ինչքան քիչ գիտելիք ունես, այդքան էլ հեշտ է քեզ սխալ ճանապարհ ցույց տալ՝ ասելով, որ դա է ճիշտը, և դու կգնաս սխալ ճանապարհով։ Եթե չգիտես, չես տիրապետում իրավիճակին, քեզ հեշտությամբ շեղում են ու տանում այլ ուղղությամբ։ Կրթության մակարդակի բարձրացումով մարդը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մարդն այդ ամենը չի կարողանում, հեշտությամբ հավատում է ուրիշների ասածներին»,- նկատում է նա։
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը շեշտում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող բոլոր երևույթների դեպքում մեդիագրագիտության կարևորությունը. եթե այդպիսի կարողություններ սովորողը չունի, կարող է հեշտությամբ հենվել ուրիշների կարծիքների վրա։ Նույն դեպքում էլ դպրոցում է․ եթե երեխան անելիք չունի, նա կօգտվի ցանկացած իրավիճակից ու բաց կթողնի դասերը, սակայն եթե լինի հետաքրքիր միջավայր, ապա դասերից խուսափելու որևէ պատրվակ չի գտնի։
Թորոսյանը միաժամանակ չի ժխտում, որ կան ուսուցիչներ, որոնք մտնում են դասասենյակ ոչ պատրաստ վիճակում՝ հավելելով, որ կան այնպիսիններն էլ, որոնց բացակայության դեպքում երեխաները ընկճվում են:
Բաց մի թողեք
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին. Լուսանկար
ՀՀ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը աշակերտին մտցրել է պահարանի մեջ, հարվածել. ոստիկանությունը ուսումնասիրում է
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան