08/09/2024

Հուլիսին կլինի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը. ԿԳՄՍ նախարար

Հայաստանում նախատեսվող «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիս ամսին:

Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է․ «Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին «Ակադեմիական քաղաք»-ի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»։

Զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:

«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ «Ակադեմիական քաղաք»-ի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,-ասաց նա: