15/10/2024

Իրանա – ադրբեջանական «Արաքսի միջանցքը»

Իսրայելի վարչապետի որդին քարտեզ է հրապարակել, որտեղ առանձնացված են Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի պատմականորեն քրդաբնակ տարածքները: Խիստ ուշագրավ է, որ նա քրդական է համարել նաեւ ներկայիս Ադրբեջանի տարածքի այն հատվածը, որ Իլհամ Ալիեւը վերանվանել է «Արեւելյան Զանգեզուր»:

Բաքվի իշխանական մամուլը «չնկատելուն» է տվել, որ դաշնակից երկրի վարչապետի որդին քաղաքական աշխարհագրություն է վերականգնել:

Բանն այն է, որ խորհրդային տարիներին այդ տարածքները թողնվել են Ադրբեջանի կազմում, բայց՝ որպես քրդական ինքնավարություն կամ այսպես կոչված՝ Կարմիր Քրդստան՝ Աբդալար վարչական կենտրոնով, որը հետագայում վերանվանվել եւ կոչվել է «Լաչին»: Այդ տարածքներում Ադրբեջանը բազմիցս վարչա-տարածքային փոփոխություններ է կատարել, իսկ Կարմիր Քրդստանը լուծարելուց հետո կազմավորել Քելբաջարի, Լաչինի եւ Կուբաթլուի շրջանները:

Անցյալ դարի 50-ական թվականներին Ադրբեջանը «քրդական հարցը,, վերջնականապես լուծել է. տեղաշրջանի բնակիչները մարդահամարի արդյունքներով «իրենց ճանաչել են ադրբեջանցի»: Իսրայելի վարչապետի որդին, ամենայն հավանականությամբ, ինքնագործունեությամբ չի զբաղվել, այդ քարտեզն ազդակ է առաջին հերթին Թուրքիային, ինչպես նաեւ՝ Իրանին, որտեղ նույնպես քրդական շարժում կա եւ ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնում է:

Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ է ներառնվել «զգուշացման ենթակա» երկրների շարքում: Ըստ երեւույթին, պատճառը վերջին շրջանում իրանա-ադրբեջանական «Արաքսի միջանցք» նախագծի շուրջ քննարկումների ակտուալացումն է:

Խոսքն առերեւույթ Ադրբեջանից Նախիջեւան ավտոմայրուղային եւ երկաթուղային հաղորդակցության մասին է, բայց խորքային իմաստով այդ նախագիծն Ռուսաստանի համար պետք է ապահովի դեպի Պարսից ծոց երկրորդ «պատուհան»՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ Մոսկվան կապվի Թուրքիայի, հեռանկարում՝ Սիրիայի եւ Իրաքի հետ:

Ադրբեջանի մեկնաբան Սոլթան Քամրանի կարծիքով՝ «գոյություն ունի Մերձավոր Արեւելքում քրդական պետություն ստեղծելու նախագիծ, որ ժամանակին հովանավորում էր ԽՍՀՄ-ը, իսկ այսօր՝ Միացյալ Նահանգները»: Ադրբեջանական որոշ աղբյուրներ ակնարկում են, որ Քրդական բանվորական կուսակցության «ստեղծմանը լուրջ մասնակցություն է ունեցել ՊԱԿ-ի արտաքին հետախուզության սպա Հեյդար Ալիեւը»: Խոսվում է նրա եւ քրդական շարժամ առաջնորդ Մասուդ Բարզանիի սերտ կապերի մասին:

Իսրայելական հետախուզությունն, ամենայն հավանականությամբ, այդ կապերի մասին ավելի լավատեղյակ է: Նաթանյահուի որդու քարտեզը, երեւի, այն ենթատեքստն ունի, որ Ադրբեջանում բնակվող հարյուր հազարավոր քրդեր կարող են խոսել իրենց իրավունքների վերականգնման մասին եւ արտաքին աջակցություն ստանալ:

Այս իմաստով իրանա-ադրբեջանական «Արաքսի միջանցք» նախագիծը Մերձավոր Արեւելքում քաղաքական նոր աշխարհագրություն է ստեղծում, որ, անկասկած, ուղղված է Իսրայելի տարածաշրջանային ազդեցության դեմ:

Ադրբեջանին Իսրայելի ոչ միայն ռազմա-տեխնոլոգիական, այլեւ քարոզչա-լոբբիստական աջակցությունը մի նպատակ է հետապնդել՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը եւ Իրանը դաշնակիցներ լինեն: Երեւում է, իրենց հաշվարկներում թե քաղաքական էլիտան է սխալվել, թե «Մոսադը»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո ստատուս-քվոն լեգիտիմացնելու մի շատ էական գործոնն էլ Բաքվի համար Թեհրանի առնվազն լոյալությունն է:

Գոնե այս փուլում Իսրայելը դիտվում է «խաղից դուրս»: եթե «Արաքսի միջանցքն» իրականություն դառնա, ապա զգալիորեն փոխվելու են նաեւ թուրք-իրանական հարաբերությունները: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Իսրայելը: