Այսօր Իլհամ Ալիեւն ասում է, որ քառասունչորսօրյա պատերազմը «լեգիտիմ էր»: Նրա պնդմամբ՝ Մինսկի խմբի հանախագահներին ոչինչ անել չի հաջողվել, Ադրբեջանը՝ «որպես ագերսիայի ենթարկված կողմ, կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի պահանջները»:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո տողերիս հեղինակը թե հրապարակային խոսքում, թե ԼՂՀ նախագահին փոխանցված «Վերլուծական տեղեկանքում» առաջարկել է նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը միջազգայնորեն լեգիտիմացնել, հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունման: Ի՞նչ քննարկումներ է նա ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ունեցե՞լ է, թե՞՝ ոչ կամ այդ ուղղությամբ ի՞նչ է արել Երեւանը՝ ոչինչ հայտնի չէ:
Փաստ է, որ Ադրբեջանը յուրացրել է Լեռնային Ղարաբաղը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները հետեւողականորեն ձգձգում է: Կարող ենք ասել՝ սպասում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրությանը, բայց իմ մասնավոր տպավորությամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ելքին:
Ալիեւի խոսույթը պայմանավորված է Ռուսաստանի նախագահի վարքով: Ունիսոնն այնքան ակնհայտ է, որ թե Վլադիմիր Պուտինը, թե Իլհամ Ալիեւը թույլ են տալիս Իրանի հետ հարաբերությունների հեռանկարը քննարկել ոչ թե Գերագույն հոգեւոր առաջնորդի, այլ՝ առաջին փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ:
Դա ստույգ հաշվարկ է, որ Իրանի նախագահ է ընտրվելու նա, ում թեկնածության վրա կանգ կառնի այաթոլլա Խամենեին, բայց ում նախագահ կդարձնի Մոխբերը: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, գուցե, շատ դժվար է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իրավական շրջանակ սահմանող բանաձեւի ընդունման հասնել:
Բայց փորձել եւ գործել, թվում է, պետք է: Վաղը կարող ենք իրավիճակ ունենալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանները «բանակցությունների առարկա դառնան»: Բայց արդեն՝ «նոր աշխարհարհակարգ սահմանող» կենտրոնների եւ նրանց սատելիտ ուժերի միջեւ:
Բաց մի թողեք
Գուցե Իլհամ Ալիևի Պարսից ծոց «մուտքը» Թուրքիայի համար «հավասարակշռության գործի՞ք է
Էրդողանը բախվել է լուրջ մարտահրավերի. թուրքական հատուկ նշանակության ջոկատը քրդերի հետ մարտի է բռնվել
Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական «տենդը»