08/09/2024

Զախարովայի խոսքը՝ Հայաստանի նկատմամբ ոչ միայն կեղծախոսություն, այլեւ նենգադավություն է

Հավանաբար Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակը, որ Կիեւի վարչախումբը վերագրում է, թե իբր ռուսական կողմն է այդ մարդկանց սպանել: Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմն այդ ցուցակով կկիսվի ռուսաստանյան կողմի հետ:

Մենք երկու տարի է՝ չենք հասնում նրան, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը մեզ նման տվյալներ տրամադրեն,- ի պատասխան հարցին, թե Ռուսաստանն ինչպե՞ս է ընդունում Հայաստանի պաշտոնատար անձանց ուկրաինական Բուչա քաղաք այցը,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Բուչա այցելել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերել քաղաքի երեխաներին: Ոչ դեսպան Կարապետյանը, ոչ ուկրաինական կողմը Բուչայի ողբերգությանը վերաբերող հայտարարություն չի արել:

Ի՞նչ է տեղի ունեցել այդ քաղաքում՝ ռուս-ուկրաինական քննարկումների հարց է: Մանավանդ որ Մոսկվան եւ Կիեւը, չնայած ընթացող պատերազմին, բազմաթիվ հարցերում կարողանում են քաղաքակիրթ շփումներ պահպանել, այդ թվում եւ՝ իրականացնել ռազմագերիների եւ պատանդների փոխանակում:

Մարիա Զախարովան, մինչդեռ, իրավիճակը ներկայացրել է այնպես, որ Բուչա Հայաստանի խորհրդարանական պատվիրակություն է այցելել եւ, հավանաբար, ուկրաինական կողմին խնդրել, որ տրամադրվեն սպանված անձանց տվյալները: Սա Հայաստանի նկատմամբ ոչ միայն կեղծախոսություն, այլեւ նենգադավություն է:

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Երեւանը Մոսկվայի դեմ «ռազմական հանցագործությունների դոսյե է ստեղծում»: Ըստ էության, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչն այս հայտարարությունն արել է ավելի լայն դիապազոնով. Հայաստանը միացել է Հռոմի ստատուտին, Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի ձերբակալության օրդեր է տվել, հետեւաբար Երեւանը «վերածվում է Ռուսաստանին մեղադրողի»:

Մեծ երեւակայություն է պետք հավատալու համար, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, միջուկային տերություն Ռուսաստանը երկու տարի է՝ չի կարողանում Բուչայում սպանված անանց տվյալներն ունենալ:

Այն դեպքում, երբ Մոսկվան դեռեւս Բուչայից նահանջելուց հետո պաշտոնապես հայտարարել է, որ այդ մարդկանց հետ հաշվեհարադար է տեսել Կիեւի «ֆաշիստական ռեժիմը՝ ռուսական զորքերի հետ համագործակցելու համար»: Եւ ինչո՞ւ պիտի Կիեւն այդ ցուցակները փոխանցեր հայկական կողմին: Անգամ եթե Բուչա այցելած լիներ Հայաստանի խորհրդարանական պատվիրակություն:

Ի՞նչ ակնկալիք պիտի Կիեւն ունենա Երեւանից, Հայաստանից: Մի երկրից, որ գրեթե պատերազմի մեջ է, եւ ինքն աջակցության կարիք ունի, այդ թվում եւ՝ իրավական, ռազմական հանցագործությունների բացահայտման հարցերում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ նենգադավությամբ ակնարկ չի՞ հղում Բաքվին, որպեսզի վերջինս զգաստանա եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկի:

Մոսկվան չի՞ հասկացնում, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցում Երեւանը ոչ մի տեղեկություն ստանալու հույս չպետք է ունենա: