09/10/2024

ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան

«Ոչ բարեկամական գործողությունների մասին խոսելիս թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականին»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ Բուչա կատարած այցի վերաբերյալ՝ ՌԴ-ի հղած բողոքի նոտային։

«Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի «նայիվությամբ» հավատացել է, մինչև վեջին պահը հույս է ունեցել, որ ՌԴ-ն ՀՀ-ին մենակ չի թողնի, որ ՀՀ-ին ու հայ ժողովրդին չի «քցի», ներողություն այդ բառի համար, բայց ՌԴ իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, մեզ թողել են միայնակ։

Ես թեթև զարմանքով ու նախանձով էի նայում, երբ Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ գնացին, ինչպես նավատորմ մոտեցավ Իսրայելի սահմանին ու խոցեց այդ հրթիռները, Կիպրոսից նավատորմ մոտեցավ ու սկսեցին օգնել Իսրայելին որպես դաշնակից։ 2020-ին դեռ Ուկրաինայի պատերազմը չկար, արդյո՞ք 2020-ին Ռուսաստանը այդքան թույլ էր, որ թույլ տվեց մտնեն կոտորեն մեր երեխաներին, արդյո՞ք Կապից ծովում մի նավատորմ չկար, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։

Ամբողջ պատերազմի ընթացքում մենք նայիվ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ ձև կարող ենք կանգնեցել պատերազմը»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ ՌԴ-ն միայնակ թողեցին ՀՀ-ին, ինչպես ինքն է հայտարարում, նա ասաց․ «Որովհետև Ուկրաինայի պատերազմի նախապատրաստում էր գնում, ու մեծ գործարք տեղի ունեցավ, որի նպատակն էր տարածաշրջանում հնարավոր սանկցիաները շրջանցելու հնարավորություն ունենալ։ Դա նաև գին էր հայերի համար, որովհետև հայերը ընտրել էին անկախ լինելու տարբերակը, հայերը պիտի պատժվեին։ Վերջնական տարբերակը այն կլիներ, որ Հայաստանում գար պրոռուսական իշխանություն, և Հայաստանը Բելառուսի և ՌԴ-ի հետ մաս դառնար Միութենական պետության»։