Բաքվի իշխանական լրատվամիջոցը գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Իլհամ Ալիեւը «խոսում է 2020 թվականի աշնանից, բայց Արեւմուտքը խորհրդավոր լռություն է պահպանում»:
Հեղինակի գնահատմամբ՝ Մինսկի խումբը «տարածաշրջանում իմպերիալիստական ազդեցություն պահպանելու վերջին լծակն է, որ խոչընդոտում է հայ-ադրբեջանական կարգավորմանը»:
Մինսկի խումբը 1992թ. մարտի 24-ին ձեւավորվել է Ադրբեջանի խնդրանքով հրավիրված՝ ԵԱՀԽ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում: 1992 թ. ամռանը Հռոմում Միսնկի խորհրդաժողով հրավիրելու հարցով նախապատրաստական բանակցություններ են սկսվել, բայց՝ ապարդյուն. կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել ԼՂ ընտրված ներկայացուցիչների լիազորության հարցում:
Բայց բանակցությունների ձախողման հիմնական պատճառն այն էր, որ ռազմաճակատում Ադրբեջանը հաջողություններ ուներ եւ, բնականաբանար, շահագրգռված չէր ԼՂ որեւէ կարգավիճակի քննարկմամբ:
Ըստ էության, Ալիեւի այսօրվա դիրքորոշումը նույնն է, նա համարում է, որ «վեճի առարկան գոյություն չունի, հետեւաբար ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անախրոնիզմ է»: Բայց ալիեւյան քարոզչամիջոցն ինչու՞ է առանձնացնում Արեւմուտքի լռությունը: Մինսկի խմբի լուծարման հարցում Բաքուն Մոսկվայի հետ պայմանավորվե՞լ է:
Դատելով հրապարակման մի ընդգծումից, որ «Հայաստանում հույս կա, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կպայմանավորվեն եւ Ղարաբաղի հարցը կրկին կմիջազգայնացբի»- Ալիեւը վստահ չէ, որ Մոսկվան իրավիճակի փոփոխության դեպքում այլ կեցվածք չի դրսեւորի:
Հայտնի է, որ Ռուսաստանը 2021 թ. մշակել եւ կողմերին է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման «պարամետրերը» եւ առաջարկել, որ ԼՂ կարգավիճակի հարցը թողնվի ապագային: Բաքուն կտրկանապես մերժել է, Մոսկվան այլեւս չի պնդել: Փաստ է նաեւ, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ձախողել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահների հանդիպումը:
Ըստ երեւույթին, դա իրավիճակը եւ հետագա ստատուս-քվոն ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից անկախ կառավարելու նպատակ ուներ: Դիվանագիտական այդ «խաղում» Ռուսաստանը փաստացի պարտվել է:
Այսօր Ռուսաստանը փորձում է Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն ունենալ եւ հանդիպում լուրջ դիմադրության: Ամենայն հավանականությամբ ոչ առանց Ալիեւի թույլտվության՝ Բաքվում հակատուսական քարոզչություն է ծավալվում: Մոսկվային չի հաջողվում Ադրբեջանի հետ ինտեգրացիան ինստիտուցիոնալ տեսքի բերել: Ոչ ոք չգիտի, թե ապագա աշխարհակարգի դոմինանտ ով է լինելու,-գրում է իշխանական լրատվամիջոցը՝ խոսելով Իլհամ Ալիեւի Եգիպտոս կատարած այցի «գլոբալ նշանակության» մասին:
Մինսկի խմբի անդամ են ոչ միայն Ռուսաստանը, Միացյալ Նահագները եւ Ֆրանսիան, այլեւ Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Բելառուսը, Շվեդիան, Ֆինլանդիան: Այն հնարավոր է լուծարել միայն այս երկրների կոնսենսուսով: Մի իրավիճակում, երբ ոչ ոք իրոք չգիտի, թե վաղվա աշխարհակարգն ինչպիսին է լինելու, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան չեն կարող շահագրգռված լինել Հարավային Կովկասում ազդեցության լծակ կորցնելով:
Բայց Մինսկի խումբը գործնականում կարժեզրկվի, եթե Ռուսաստանին հաջողվի Ադրբեջանին «խցկել» ՀԱՊԿ եւ ԵՏՄ՝ Թուրքիայի եւ Իրանի, որոշակի առումով՝ նաեւ Չինաստանի հետ «Նոր Եվրասիա» նախագիծը համաձայանեցնելու աշխարհաքաղաքական դիապազոնով: Բաքուն առայժմ դիմադրում է՝ ձգտելով «Նոր Եվրասիա» մտնել ոչ թե իբրեւ Ռուսաստանի սատելիտ, այլ՝ Կովկասյան-Սեւժովյան-Կասպյան տարածաշրջանի ինքնուրույն դերակատար, որ տնտեսա-կոմունիկացիոն «հաբ» է մի կողմից Ռուսաստանի եւ «Գլոբալ հարավի» միջեւ, մյուս կողմից՝ Չինաստանի եւ Թուրքիայի:
Կոնկրետ այս փուլում «ինդիկատորային» է Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության հարցը: Ալիեւը կհամաձայնի՞ Մոսկվայի «առաջարկությանը»: Շատ դժվար է կանխատեսել: Նման որոշումը կարող է «պայթեցնել» Բաքուն:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին
Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRW
60 ամերիկացի կոնգրեսականներ պահանջում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար