27/12/2024

Ովքե՞ր են Բագրատ սրբազանի կողքին կանգնած Արթուր եղբայրները. Լուսանկարներ

Հունիսի 3-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սբ․ Աննա եկեղեցու բակում տեղադրված հարթակից իրեն լսելու համար հավաքված քաղաքացիներին ծանոթացրեց Արթուր եղբայրներին, որոնք առավել հայտնի են որպես «Artur Brothers»։

«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները Քենիայից, երևի լսած կլինեք՝ Arthur Brothers։ Իրենք շատ հետաքրքիր հայորդիներ են, վերջը, էն մանրամասները չեմ ասում․․․ հոգով, սրտով, կյանքով նվիրված հայորդիներ են»,- ծափերի ներքո հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հավաքել փաստերն ու ընթերցողին ներկայացրել եղբայրների մասին մանրամասները, որոնք Բագրատ սրբազանը չհնչեցրեց հարթակից։

Քենիայից «սրբազան» շարժմանը միացած «Արթուր եղբայրները» Քոչարյանի  ազգականնե՞րն են. ի՞նչ «փաթեթով» են նրանք եկել — MediaNews

Արթուր եղբայրների՝ Արթուր Մարգարյանի ու Արթուր Սարգսյանի կյանքը 2000-ականների սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնավորապես, քենիական իրականության հետ։ Եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվում են 2005 թվականից, որոնց համաձայն, նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, զբաղվել են թմրանյութերի վաճառքով, կատարել անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։

Այսպես, ըստ Nation Africa-ի, 2005-ին արյունակից Արթուր եղբայրները Քենիա են ժամանել որպես ներդրողներ, արագորեն ձեռք բերել քենիական անձնագրեր, աշխատանքի իրավունք ու ընդունվել կառավարական շրջանակների կողմից։ Բացի այդ, կարողացել են տեղավորվել ոստիկանական ուժերում և ունեցել հասանելիություն Նայրոբիի միջազգային օդանավակայանի VIP հատվածին։ Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ եղբայրները վայելել են կառավարության պաշտպանությունը, Նայրոբիի շքեղ թաղամասերից մեկում ունեցել առանձնատուն:

Ի՞նչ նպատակով են Արթուր եղբայրները Հայաստան եկել և ո՞ւմ են սատարումArena  News

2006-ի մարտին եղբայրները Քենիայում աչքի են ընկնում Standard Group հրատարակչության վրա հարձակմամբ` փորձելով խոչընդոտել Likoni Road լրատվամիջոցի տպագրությանը, քանի որ այն պատրաստվում էր նյութ հրապարակել նախագահի կանանց մասին: Արդյունքում, լրատվամիջոցի մի մեծ տպաքանակ այրվում է, իսկ ոստիկանական ուժերը չեն պատժում Արթուր եղբայրներին, քանի որ ըստ լրատվամիջոցի՝ նրանք սերտ կապեր են ունեցել քենիական իշխանությունների հետ։ Reuters-ը գրում է, որ այդ գործողությունը խստորեն դատապարտել են աշխարհի շատ երկրներ։

Եղբայրների քենիական արկածները ավարտվում են 2006-ի հունիսին, երբ նրանք օդանավակայանում տեղի ունեցած մի աղմկահարույց պատմության հետևանքով արտաքսվում են Դուբայ։

2006-ին արդեն օդանավակայանում կատարվածի մասին մանրամասնում է Wikileaks-ը։ Ըստ աղբյուրի, պարզվել է, որ նրանք ունեցել են անօրինական փաստաթղթեր, որոնցով ներկայացել են որպես Քենիայի ոստիկանության ղեկավարի տեղակալներ և հասանելիություն ունեցել օդանավակայանի բոլոր վայրերին, եղել զինված, խախտել օդանավակայանի անվտանգության կանոնները։ Ավելի ուշ Քենիայի խորհրդարանի հատուկ նիստում Միգրացիայի նախարարը տեղեկացրել է, որ շենքից մաքրուհու միջոցով անհետացել է երեք անձնագիր հատուկ համարներով, որոնք հայտնաբերվել են Արթուր եղբայրների տանը խուզարկության ժամանակ։

Nation Africa-ն 2007-ին գրում է սիրային մի պատմության մասին, որտեղ Քենիայի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ, գործարար Մերի Վանբուիի դուստրը՝ Վինֆրեդ Վանբուին, Easy FM ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սիրահարված է եղել Արթուր Մարգարյանին և նրանք պատրաստվում էին ամուսնանալ, եթե չլիներ արտաքսումը։

Վինֆրեդ Վանբուին ու Արթուր Մարգարյանը հանդիպել են 2005-ին Դուբայում, կապվել ու սկսել զբաղվել բիզնեսով։ Օդանավակայանում տեղի ունեցած սկանդալին, պարզվում է, տիկին Վանբուին, որն այդ ժամանակ ԱԳՆ-ում պետական ծառայող էր, ներգրավված է եղել և կալանավորվել է կատարվածից հետո։ Ըստ Who owns Kenya-ի, պարզվել է, որ նա օգտագործել է իր ծառայողական դիրքը՝ պարտադրելով օդանավակայանի աշխատակիցներին ծառայություններ մատուցել Արթուր եղբայրներին։

2010-ին Արթուր եղբայրների մասին քննարկումները Քենիայում ակտիվանում են, և Nation Africa-ի փոխանցմամբ, որոշ պատգամավորների պահանջի հիման վրա իրականացվում է հետաքննություն․ «Զեկույցը ապացույցներ է ներկայացնում, որ երկու օտարերկրացիները եղել են խարդախներ ու թմրանյութերի ապօրինի վաճառքով են զբաղվել»,- գրում է պարբերականը։

2020-ին KTN news Kenya լրատվամիջոցը «Անձեռնմխելիները» վերնագրով հետաքննության մեջ ներկայացնում է Արթուր եղբայրների կապը երկրում ամենախոշոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։

Արթուր եղբայրները միջազգային մամուլում ավելի ուշ հայտնվում են արդեն Մալդիվներում ծավալած գործունեության համար, որտեղ նրանք 2012-ին հիմնել են Artur Brothers World Connections ընկերությունը՝ 80 տոկոս բաժնեմասով։ Մալդիվյան մամուլը նրանց նկատել է որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, իսկ երկրի ընդդիմության առաջնորդը, հաշվի առնելով քենիական նախադեպը, մտավախություն է հայտնել իր անվտանգության համար։

Արթուր եղբայրները 2023-ին արդեն հայտնվել են Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին։ Վերջինը, ի դեպ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գլխավոր դեմքերից մեկն է։

Հասմիկ Համբարձումյան՛

asekose.am - «Ովքե՞ր են Արթուր եղբայրները»․ Արուսյակ Ջուլհակյան