ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարության գործառույթներից մեկն էլ գնահատելն է, թե արդյո՞ք հանրային հատվածի կազմակերպությունների գնումները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը:
Գնումների մասին օրենքի համաձայն՝ գնման ընթացակարգերը չորսն են՝ «Մեկ անձից գնում», «Գնանշման հարցում», «Էլեկտրոնային աճուրդ» և «Մրցույթ»։
Գնումը կարող է կատարվել «Գնանշման հարցում» ընթացակարգով, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի 80-ապատիկը (80 մլն դրամ) և գնման առարկան ներառված չէ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակում։
Սակայն պարզվում է, որ «Գնանշման հարցում» ընթացակարգով գնման առավելագույն սահմանաչափի արգելքը չի խոչընդոտում պետական գերատեսչություններին այս ընթացակարգով գնում կատարելիս՝ գերազանցելով նշված սահմանաչափը: Իսկ դրա վերահսկողության համար պատասխանատու մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը, ըստ էության, չի կատարում իր կանոնադրային պարտականությունները։
Միայն 2021-23 թթ․ «Գնանշման հարցում» ընթացակարգով կատարվել է ավելի քան 60 գնում։
Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը 2021 թվականին 80 մլն դրամը գերազանցող թվով 9 գնում է կատարել այս ընթացակարգով, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1․2 մլրդ դրամը։ Իսկ նախորդ՝ 2023 թվականին Երևանի քաղաքապետարանն է այս ընթացակարգով 80 մլն դրամը գերազանցող 8 գնում կատարել։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը ավելի քան 1 մլրդ 158 մլն դրամ է կազմել։
Ի տարբերություն «Մեկ անձից գնման» ընթացակարգի, որի օգտագործման դեպքում օրենսդիրը նախատեսել է սահմանափակումներ, որպեսզի խոչընդոտներ ստեղծի դրա անհարկի օգտագործման համար, ԳՀ ընթացակարգի դեպքում նախատեսել է միայն գնման գնի սահմանափակում։
Հաշվի առնելով ԳՀ ընթացակարգի դեպքում սահմանված 80 մլն դրամ սահմանափակումը՝ հստակեցման կարիք ունեն 2021-23 թթ․ կատարված մի շարք գնումների հետ կապված հանգամանքներ։
2023 թ․ նոյեմբերի 15-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԳՀ ընթացակարգով 80 մլն դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ խնդրելով ներկայացնել այդ գնումների իրավական հիմքերը։ Ի պատասխան, ֆինանսների նախարարությունն ԻՔՄ-ին առաջարկել էր դիմել գնման գործընթացները կազմակերպած պատվիրատուներին։
ԳՀ ընթացակարգի դեպքում 80 մլն դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը
ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանից հետևում է, որ նախարարությունը պատասխանատվություն չի կրում «Գնումների մասին» օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության համար, չի հետաքրքրվում պատվիրատուների կողմից օրենքի խախտման ենթադրյալ (կամ հավանական) դեպքերով և չի պատրաստվում կատարել հանրային հատվածի կազմակերպությունների գնումների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ գնահատական տալու իր կանոնադրական պարտականությունը։
Այսպիսով, բաց է մնում հարցը, թե ո՞վ է Հայաստանում պատասխանատվություն կրում հանրային հատվածի կազմակերպությունների գնումների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության գնահատման համար։
Արտակ Քյուրումյան
Բաց մի թողեք
Ռուբլին ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 26-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր. Տեսանյութ
Ֆինանսների նախարարը ամփոփեց տարին․ 5% ՀՆԱ աճ, պարտք-ՀՆԱ 49,5% հարաբերակցություն, 1,6 մլրդ դոլար պարտքի մարում