Տարածված տեսակետը, որ արցախցիները Գալստանյանի շարժմանը մասնակցում են «հանուն հինգ բրնձի» կամ որպեսզի «քառասուն հազար դրամանող կոշիկ հագնեն»՝ իրականությունից չափազանց հեռու է: Խնդիրը նաեւ արցախցիների «երդվյալ ռուսամոլությունը» չէ:
Մարդկանց մի զգալի մաս այդ հավաքներին մասնակցում է ասել-խոսելու, սիրտը բացելու, հարազատ միջավայրում մի քանի ժամ անցկացնելու կարիքից: Արցախն իրոք այդ ավանդույթների հանրություն է: Այդպիսին է արցախցու կենսակերպը:
Արցախից բռնատեղահանվել են տասնյակ գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, հարյուրավոր դասախոս-գիտնականներ, որ երեք տասնամյակ ունեցել են հանրային որոշակի հեղինականություն: Անցել է ինը ամիս: Այդ ընթացքում Հայաստանի Գրողների միությունը բռնատեղահանված արցախցի գրողների հետ մի հանդիպում կազմակերպե՞լ է: Նույնը՝ մյուս ստեղծագործական միությունները: Գիտությունների ակադեմիայի նախագահը, որ ծնունդով արցախցի է, գիտնական-դասախոսներին հանդիեպե՞լ է:
Պետական գերատեսչությունները տասնյակ տարիների համոգործակցության փորձ եւ ավանդույթներ ունեն: Մարդկային կապերը խզվե՞լ են: Ո՞վ է արգելում, որ Ազգային ժողովի նախագահը հանդիպի արցախցի պատգամավորներին, փոխվարչապետը՝ նախկին նախարարներին: Այդպես՝ մինչեւ մարզական միություններ, համույթներ, մինչեւ թատրոն եւ շոու բիզնես: Ժուռնալիստների միության մասին չեմ խոսում, որ շատ հանգիստ կարող էր բռնատեղահանված գործընկերների աշխատանքի հարցը լուծել:
Ներքին, ներարցախյան դիմադրություն, իհարկե, կա: Բավական է հետեւել ֆեյսբուքյան գրառումներին, որպեսզի տեսնես, թե ինչ կոպիտ թիրախավորման են ենթարկվում Երեւանում աշխատանք գտած մարդիկ, իսկույն պիտակավորվում են «նիկոլական»: Ինչ-որ խմբակի իրոք ձեռնտու է, որ արցախցին աշխատանք չունենա:
Այդպես նա դառնում է կառավարելի: Հայաստանի իշխանության, քաղաքական մեծամասնությունն էլ իր հերթին պետք է շահագրգռված լինի, որ արցախցին անհատականություն մնա, քաղաքականապես ազատ մարդ:
Այդ խնդիրը չի լուծվել: Բռնատեղահանվածների 60-70 տոկոսն ապրել է Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում: Նրանք քաղաքաբնակներ են, քաղաքային մշակույթի կրող: ԱրՊՀ երկարամյա պրոֆեսորին չես ասի՝ գնա, Շուռնուխում անասնապահությամբ զբաղվիր: Եթե չես կարող երեւանյան բուհում նրան արժանապատիվ աշխատանք առաջարկել, ապա գոնե հոգին մի պղտորի:
Ահա այսպես առաջացել է պրոֆիլակտիկ վակուում: Հարազատների, բարեկամների, ընկերական շրջապատի, ծանոթների ռեսուրսներն սպառվել են, պետական-հանրային աջակցությունը նվազ է: Հոգեբանական բարդույթից ձերբազատվելու մի ձեւ էլ քաղաքական պայքարի մասնակցությունն է կամ իմիտացիան, որ ինքն, ահա, արժեք է, նաեւ իրենից է կախված իշխանության, Հայաստանի ու Արցախի ապագան:
Իհարկե, շատ դժվար է դեղատոմս առաջարկել: Բայց այսպես ու՞ր ենք գնում: Մանավանդ առկա է արցախցի երիտասարդության շրջանում քրեական ենթամշակույթի արմատավորման վտանգ: Այս առումով Արցախում էլ վիճակն առանձնապես բարվոք չէր, իսկ Երեւանի «գրավչությունը» բոլորովին այլ է: Գումարենք բռնատեղահնված երիտասրդի սոցիալական վիճակը, եւ «հանցագործը,, գրեթե պատրաստ է ցանկացած քայլի: Այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակցության:
Սա գերլուրջ խնդիր է, որ մարդկային պարզ հարաբերություններից մինչեւ քաղաքական արմատականության է հասնում: Ո՞վ կնախաձեռնի անհրաժեշտ դիսկուրսը: Ստեղծագործական միություննե՞րը, Գիտությունների ազգային ակադեմիա՞ն, Հանրային խորհու՞րդը, ՀԿ-ե՞րը: Գուցե՝ Ազգային ժողո՞վը: Թեկուզ՝ խորհրդարանական լսումների տեսքով: Արցախցին, այո, Հաայստանում իշխանություն չի ձեւավորվել, բայց այդ իշխանության ապահովության ներքո է, չէ՞:
Բաց մի թողեք
Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել
Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են
Ալիևը կունենա արևմտյան Ադրբեջան, քանի դեռ չի «բռնվել կառավարության վախը»