Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին: Նա ցրում է խորհրդարանը, իսկ արտահհերթ ընտրության քվեարկությունը նախատեսված է հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին՝ առաջին եւ երկրորդ փուլերով:
Մակրոնն այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ընտրությանը Ֆրանսիայի ցուցանիշների հրապարակումից հետո: Ֆրանսիայում կառավարող ուժը՝ Մակրոնի առաջնրդած Վերածնունդ շարժումը Եվրախորհրդարանի ընտրությանը զգալիորեն զիջել է Ազգային միասնություն կուսակցությանը, որը առաջնորդում է հայտնի Մարի Լե Պենը:
Սա նշանակու՞մ է, որ խորհրդարանի ընտրությանը Մակրոնը կկորցնի պառլամենտական մեծամասնությունը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ չի կարող ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ֆրասիայի նախագահը ունեցել է արտահերթ ընտրության սցենար եւ պատրաստված էր այդպիսի զարգացման:
Հարկ է նկատել, որ Եվրախորհրդարանի ընտրությանը պարտություն են կրել եվրոպական մյուս առաջատարների կառավարող ուժերը՝ Գերմանիայում սոցիալիստների ու կաաչների կոալցիան պարտվել է ոչ միայն քրիստոնեադեմոկրատներին, այլ նաեւ «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական միավորմանը:
Աջերը հաղթել են նաեւ Իտալիայում: Այդպիսով, Եվրախորհրդարանի ընտրությունը ի ցույց է դնում Եվրոպայում քաղաքական իրավիճակի նկատելի փոփոխություն: Սա իհարկե բոլորովին չպետք է շփոթել եվրոպական ռազմավարության էական փոփոխության հետ: Այդուհանդերձ, տրամադրությունների փոփոխությունը Եվրոպայում բավականին նկատելի եւ շոշափելի է, այդ թվում Հայաստանի համար իրապես կարեւոր եւ առանձնաշնորհյալ հարաբերությամբ աչքի ընկնող երկրում՝ Ֆրանսիայում:
Ինչ կլինի այդ երկրում խորհրդարանի ընտրության արդյունքը եւ արդյոք դրանից հետո Ֆրանսիան կգնա նաեւ նախագահի ընտրության, բարդ է ասել: Եթե օրինակ Եվրախորհրդարանի ընտրությանը պարտվելուց հետո Մակրոնը հայտարարում է խորհրդարանի ընտրության մասին, ապա այստեղ կամ նա պետք է կարողանա իր քաղաքական ուժով հասնել ռեւանշի, կամ դա չհաջողելու դեպքում տրամաբանությունը հուշում է, որ Ֆրանսիայի նախագահը կարող է արդեն հայտարարել նախագահի արտահերթ ընտրության մասին, թեեւ այստեղ հարկ է նկատել հանգամանքը, որ Մակրոնը չունի վերստին առաջադրվելու իրավունք:
Նա երկրորդ ժամկետով ընտրվել է 2022 թվականին, իսկ նախագահի հերթական հաջորդ ընտրությունը 2027-ին է: Նախագահի արտահերթ ընտրության մասին խոսակցությունն իհարկե հիպոթետիկ է, այդուհանդերձ պետք է արձանագրել մի բան՝ Ֆրանսիան համաշխարհային տերություն է, իր քաղաքական համակարգով եւ ավանդույթներով, եւ թույլ տրվի ասել՝ իր կայացած խորքային պետությամբ, որն անկասկած ապահովում է ֆրանսիական համաշխահային ներկայության կենսունակությունը, դրան ծառայեցնելով ներքաղաքական սցենարները:
Բաց մի թողեք
Անկարան չի ուզում հայ-թուրքական հարաբերության կարգավորում, քանի դեռ անորոշ է դրա «միջազգային գինը»
«Ազդեցություն-հակազդեցություն» տրամաբանության շատ ավելի ընդգրկուն տարածություն
Ազգային ժողով, այս ինչ է դարձել․ Ինչ որ տեղ, ինչ էր բան սխալ է․ Անկեղծ ու ցավոտ զրույց