27/07/2024

Էրդողանը «ջրեց» Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու թեման

Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Թուրքիա աշխատանքային այցը։ Բանակցությունների մասին տեղեկատվությունը «չափազանց սուղ» է։ Հայտնի է, որ Էրդողանը եւ Ալիեւը հանդիպել են դեմ առ դեմ ձեւաչափով, քննարկվել են երկու երկրների միջեւ էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմա-արդյունաբերական ոլորտներում եւ այլ ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր։ Հատկապես ընդգծվել է Բաքու-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնման կարեւորությունը։

Սա Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունն է, ինչին ի հավելումն ասված է, որ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, եւս մեկ անգամ կարեւորվել է Թուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացումը, երկու եղբայրական երկրների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ «Շուշիում անցկացվելիք՝ Թուրքական պետությունների կազմակերպության ոչ ֆորմալ գագաթաժողովի անցկացումը»։ Էրդողանը խոստացել է ներկա գտնվել այդ միջոցառմանը։

Թերեւը է, թե նման գաղափար ծնվել է տեղում՝ Էրդողան-Ալիեւ քննարկումների ընթացքում։ Համենայն դեպս, մինչ այդ հանդիպումը ոչ ադրբեջանական, ոչ թուրքական մամուլում նման տեղեկատվություն, որ Շուշիում նախատեսվում է գումարել ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողով, չի տարածվել։ Ըստ երեւույթին, գաղափարի հեղինակը Թուրքիայի նախագահն է եւ հնչեցվում է մի իրավիճակում, երբ Ռուսաստանը փորձում է լուծել Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։

Խիստ կարեւոր է, որ Էրդողանն Ալիեւի հետ քննարկել է Բաքու-Կարս երկաթուղու հնարավորությունների մեծացման հարցը: Եվրամիությունը պատրաստվում է տասը միլիրադ եվրո հատկացնել՝ Կենտրոնական Ասիայի հետ կոմունիկացիաների բարելավման, արդիականացման եւ նորերն ստեղծելու խոշոր նախագիծ իրականացնելու համար: Մյուս կողմից Ադրբեջանը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք է ապահովում Ռուսաստանի համար:

Էրդողան-Ալիեւ բանակցություններին զուգահեռ կայացել է ՌԴ եւ Ադրբեջանի վարչապետների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը վերստին կարեւորել են համատեղ տնտեսական, առեւտրային եւ կոմունիկոցիոն ծարգերը։ Նախօրեին այդ թեման Իլհամ Ալիեւը քննարկել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ։ Թուրքիան, կարծես, զգուշավորություն ունի, որ Ալիեւն «իր ձեռքից փախչում է»։ Իսկ դա հղի է Կենտրոնական Ասիայում ազդեցություն կորցնելու վտանգով։ Մանավանդ որ ԵՏՄ-ին, կարծես, սկսել է հարել նաեւ Ուզբեկստանը։

Շուշիում գումարել ԹՊԿ ոչ ֆորմալ գագաթաժողով՝ նշանակում է Ռուսաստանին եւ Իրանին պարզ հասկացնել, որ «տարածաշրջանում սկզբունքային անելիք չունեն, Թուրքիան երբեք չի հանձնի Ադրբեջանը, անգամ չի համաձայնի համատեղ կառավարմանը։» Ըստ երեւույթին, Էրդողանն այդ որոշմամբ «փակում է Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուապատոսության հարցը։» Բայց նրան կահաջողվի՞ թուրքախոս բոլոր երկրներին համոզել, որ Շուշին ԹՔՊ «մայրաքաղաքներից մեկն է։»

Թուրքական TRT հեռուստատեսությունը երեկ տարածել էր, որ Էրդողան-Ալիեւի բանակցությունների հիմնական թեման «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումն է». Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունն այդ մասին ոչինչ չի ասում: Կողմերին ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել, թե՞ նրանք հասել են պայմանավորվածության, որի մասին առայժմ նպատակահարմար չէ հայտարարել: Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկել են Պրահայում։

Տեղի է ունեցել «Մուսավաթ» կուսակցության Գործկոմի նիստ, որ վարել է վերջերս քաղաքական այդ ուժի առաջնորդ ընտրված Իսա Գամբարը: Ուշագրավ է, որ «Մուսավաթի» ղեկավար մարմինը նիստ է գումարել այն օրը, երբ Իլհամ Ալիեւը «նախագահ Էրդողանի հրավերով աշխատանքային այց է կատարել,» Թուրքիա: Քննարկվել են մի քանի հարցեր, որոնցից առավել հետաքրքրություն է ներկայացնում երկուսը:

Խոսելով Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության մասին, Իսա Գամբարն ընդգծել է, որ «եվրաինտեգրացիան սահմանադրական արժեք է, այդ ընտրությունն ադրբեջանական ժողովուրդը կատարել է 1918 թվականին, եւ ոչ ոք չի կարող նրա կամքին հակառակ որոշում ընդունել»: Տառացիորեն երեք օր առաջ Իլհամ Ալեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրոպա չի գնա, նույնիսկ եթե նման ցանկություն էլ ունենա, նրան չեն ընդունի: Մենք ապրում ենք այստեղ եւ մի սկզբունք ունենք։ Ջերմություն եմ առաջնորդում, եթե չես ուզում գլխացավանք ունենալ,- ասել է Ալիեւը։

Երբ ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Իսա Գամբարը վերստին կգլխավորի «Մուսավաթ» կուսակցությունը, փորձագիտական տեսակետ շրջանառվեց, որ Ալիեւը «նրա միջոցով կփորձի հարաբերություններ հաստատել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ։» Ադրբեջանում «Մուսավաթն» ունի թուրքական-արեւմտյան կողմնորոշման քաղաքական ուժի համարում, որ միաժամանակ մերժում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը։
«Մուսավաթի» Գործկոմը որոշել է հունիսի 24 -ի ժամը 12:00-ին պատվավոր թաղումների ծառուղում հարգել «Աբուլֆազ Էլչիբեյի ժառանգությունը՝ նրա ծննդյան հերթական տարեդարձի առթիվ,։» Դա լուրջ քաղաքական ակցիա է, որովհետեւ Իլհամ Ալիեւը բազմիցս Էլչիբեյին, Ադրբեջանի ժողովրդական ճակատին անվանել է «պետական դավաճաններ,։» Պետական քարոզչության գլխավոր նարատիվն այն է, որ Հեյդար Ալիեւը 1993թ. հունիսի 15-ին վերադարձել է իշխանության եւ «Ադրբեջանը փրկել կործանումից,։» Հեյդար Ալիեւն, ի դեպ, իշխանության է վերադարձել շնորհիվ ԳԽ նախագահի պաշտոնից Իսա Գամբարի հրաժարականի։

«Էլչիբեյի» քաղաքական ծառանգության ռեստավրացիայի փորձը, եթե Գամբարին հաջողվի իրականացնել նախաձեռնությունը, հանրային ընկալումներում կարող է «շրջադարձային» լինել։ «Մուսավաթի» Գործկոմը քննարկած երկրորդ կարեւոր հարցը ղարաբաղյան պատերազմի մասնակիցների շրջանում հաճախակից դարձած ինքնասպանություններն են։ Գամբարը հայտարարարել է, որ նրանք այդ ծայրահեղ քայլին են դիմում, քանի որ «հայտնվել են սոցիալական անտանելի պայմաններում։» Երեկ Դաշքեսանում արձանագրվել է ինքնահրկիզման հերթական դեպքը։ «Մուսավաթի» առաջնորդն իշխանությանը կոչ է արել «դեմքով շրջվել դեպի հայրենիքին ծառայություն մատուցած անձանց եւ համալիր լուծում տալ նրանց սոցիալ-կենցաղային խնդիրներին։»

Ադրբեջանում նախապատրաստվում են խորհրդարանական ընտրությունները: Փորձագետների գնահատմամբ, Իսա Գամբարն «անպայման կընտրվի Միլլի մեջլիսի պատգամավոր,» – բայց նրա ծրագրային շեշտադրությունը է ստեղծվում, որ «Մուսավաթը» ձգտում է ավելին ստանալ, քան Ալիեւը խոստացել է։ Այս փուլում Ալիեւին չափավոր հակառուսականությունը ձեռնտու է, բայց ի՞նչ երաշխիք, որ այդ քարոզչությունը լեգիտիմացնելու պարագայում իրավիճակը կմնա կառավարելի: Անհավանական չէ, որ Գամբարը որոշակիորեն հովանավորվի Թուրքիայից։

Պարզապես ուշադրություն է հայցում փաստը, որ Էրդողան-Ալիեւի բանակցությունների մեկնարկին գրեթե զուգահեռ՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետներ Միշուստինի եւ Ասադովի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերստին ընդգծվել է «համատեղ տնտեսա-կոմունիկացիոն նախագծերի կարեւորությունը,»։ Չափազանցություն կլիներ ասել, որ Էրդողանը Գամբարի եւ այլ գործիչների միջոցով Բաքվում հակառուսականություն է գեներացնում, բայց, երեւում է՝ Մոսկվա-Անկարա սառնությունը քաղաքական «ջրբաժանի» երանգ է ստանում։