08/09/2024

Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է

Հունիսի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտա 55 շենքում գողության փորձ կատարողը վիրավոր ընկած է բնակիչներից մեկի պատշգամբում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ինչից հետո փրկարարները, պարեկերն ու ոստիկանները պատգարակով նրան իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարզվել է, որ այդ քաղաքացին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա Իսահակ Ա․-ն է, ով Կոմիտասի պողոտա 55 շենքի տանիքից գողության անելու նպատակով ցանկացել է պարանի օգնությամբ գաղտնի մուտք գործել նշված շենքի 3-րդ հարկի 7-րդ բնակարան, սակայն վայր է ընկել և չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տան սեփականատեր, Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն կատարվածի մասին արդեն հողորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ կասկածյալը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։