08/09/2024

Մարտաֆիլմ հիշեցնող uպանություն Արմավիրում. կասկածյալը դարանակալել ու դպրոցի մոտ դիմահար կրակել է զոհին

Հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, տեղի է ունեցել սպանություն։

Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղ են ժամանել մեծ թվով իրավապահներ:

Մինչ ոստիկանների ու պարեկներըժամանումը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ամբերդ գյուղի բնակիչ 60-ամյա Արծրունի Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ 43-ամյա Սարգիս Ճ.-ն գյուղի սկզբնամասում՝ միջնակարգ դպրոցի դիմաց, դարանակալել է և երբ Արծրունի Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է իր տեսադաշտում, իր մոտ եղած ինքնաձիգից դիմահար կրակոցներ է արձակել «Opel»-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ Արծրունի Բ.-ն հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից կրակված պարկուճ, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած, բնակչի հողամասում հայտնված «Opel Zafira» մակնիշի դիմապակուն էլ՝ կրակոցի հետքեր։

Կասկածյալ Սարգիս Ճ-ի գտնվելու վայրը պարզվել է, նրան Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում հայտնաբերել, սպանության կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Վերջինս ներկայացվում է քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ ։

Կայքը հայտնում է, որ ըստ գյուղացիների՝ սպանվածի հարազատները սպանությունը կատարողի տղայի հետ վիճաբանություն են ունեցել, ինչի մասին հայրն իմացել է, որից հետո դարանակալել է գյուղի սկզբնամասում՝ դպրոցի հարևանությամբ, ու երբ «Opel»-ը մտել է գյուղ, նա դիմահար կրակոցներ է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի պատճառով էլ Opel-ի վարորդը վիրավորվել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել բնակչի հողամասում, այնուհետ՝ հիվանդանոցում մահացել: