26/12/2024

Այս «կատվի խաղ՝ մկան մահ» իրավիճակում Ադրբեջանին ի՞նչ դեր է վերապահվում

2024թ. վերջին ավարտվում է Ուկրաինայի տարածքով ԵՄ երկրներ «ռուսական գազի տարանցման պայմանագրի» ժամկետը: Ուկրաինական պատերազմի սկզբից, բայց հատկապես «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումից հետո Եվրամիությունը նվազագույնի է հասցրել Ռուսաստանից գազի ներկրման ծավալները:

Ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, այս տարվա գնումների ծավալը կազմում է ընդամենը 15 միլիարդ խորանարդ մետր կամ ընդհանուր պահանջարկի ընդամենը 5 տոկոսը:

Ուկրաինան վճռականապես մերժում է իր տարածքով ռուսական գազի Եվրոպա տրանզիտի երկարաձգման նույնիսկ գաղափարը, «թեեւ» դա նրան տարեկան մեկ միլիարդ դոլար հավելյալ եկամուտներ է տալիս: Եւ ահա ռուսաստանյան եւ Բաքվի մամուլում տեղեկություն է տարածվել, որ Եվրամիությանը «խիստ անհրաժեշտ՝ տարեկան 15 միլիրադ խորանարդ մետր գազն ուկրաինական ենթակառուցվածքներով կտեղափոխվի, եթե գազը լինի ադրբեջանական,».

Աշխարհագրությունն այնպիսին է, որ ադրբեջանական գազը ուկրաինական ենթակառուցվածքներին կարող է հասնել միայն Ռուսաստանի տարածքով, գումարած այն, որ Ադրբեջանը նույնիսկ Բաքու-Էրզրում խողովակաշարը «լցնելու» խնդիր ունի: Եվրամիության հետ 2027թ. գազի արտահանման ծավալները 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու պարտավորություն կա, բայց սեփական պաշարները բավարար չեն:

Ուկրաինական կողմի «կապրիզները» բավարարելու մի հնարավորություն կա՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործարք: Մասնագետներն ուշադրություն են դարձնում փաստին, որ մեկ ամսվա ընթացքում Սանկ-Պետերբուրգում ադրբեջանական Socar-ի եւ ռուսաստանյան «Գազպրոմի» գլխավոր տնօրենները երկու հանդիպում են ունեցել: Ենթադրվում է, որ կողմերը քննարկում են տարբերակ, երբ Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում տարեկան 15 միլիրադ խորանարդ մետր գազ կգնի եւ ուկրաինական խողովակաշարերով կարտահանի Եվրամիության երկրներ: Կարեւորն ապրանքի ծագումը չէ, այլ՝ պիտակը:

Ըստ երեւույթին, հենց այդ կամ նման մի գործարք էլ կկայանա, եւ բոլոր կողմերը քաղաքական «կուսությունը» կպահեն։ Եվրամիությունը կհամարի, որ լիովին դադարեցրել է ռուսական գազի գնումը։ Ուկրաինան «կհպարտանա» իր տարածքով ռուսական գազի տարանցման արգելքով, իսկ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կմնան էներգետիկ նախագծերի համաձայնեցման պայմանավորվածությանը հավատարիմ։

Այս «ռուլետկայից» առավելապես կշահի Իլհամ Ալիեւը, որովհետեւ ով տիրապետում է միջազգային նշանակության «աֆյորայի» գաղտնիքներին, բոլոր մասնակիցների հետ երկխոսության քաղաքկան «բոնուս» է ստանում։ Ադրբեջանի հետ հարաբերություններում ոչ Եվրամիությունը, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող «կուսություն խաղալ»։ Իսկ եվրոպական արժեքների վիրտուալ ինստիտուտը սկզբունքորեն արժեզրկվում է։

Բաքվում, իհարկե, հիասթափված են, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում «կոլեկտիվ Վիկտոր Օրբան չի ծնվել։» Ադրբեջանցի վտարանդի մեկնաբան Միրկադիրովը «հարյուր տոկոսի վստահությամբ» կանխատեսում է, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Մարի լե Պենը վարչապետ չի ընտրվի»:

Բայց երբ Միացյալ Նահանգների կառավարությունը Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ ուղղակի պատժամիջոցներ է սահմանում, իսկ Ադրբեջանի դեպքում միայն հասկացնում է, որ կարող է Կոնգրեսում քննարկումներ նախաձեռնել, մնում է արձանագրել, որ միջազգային քաղաքականության օրակարգից նավթի եւ գազի խնդիրն ամենեւին էլ դուրս չի եկել եւ դուրս չի գալու առնվազն եւս մի քանի տասնամյակ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրն է եղել, իսկ դրան նախորդել է Իլհամ Ալիեւի Անկարա «կրիզիս-այցը»։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը մինչ այդ ասել է, որ եթե Թուրքիան միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա «Եվրամիության հետ ավելի ուժեղ կլինի»:

Այս «կատվի խաղ՝ մկան մահ» իրավիճակում Ադրբեջանին ի՞նչ դեր է վերապահվում։ Բայց ավելի կարեւոր, Հայաստանի համար շատ էական է այլ հարց։ Իսկ Եվրամիություն-Ռուսաստան անդրկուլիսյան պայմանավորվածություններում Իլհամ Ալիեւը «միայն խաղաքարտեր դասավորո՞ւմ է։»