08/09/2024

Ինչու էին ձերբակալել «Artur Brothers»-ին. եղբայրներից մեկը հրաժարվել է Արսեն Բաբայանի պաշտպանությունից

Փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրեն՝ որպես Արտակ և Արթուր Սարգսյանների «Artur Brothers» պաշտպան, թույլ չեն տվել հանդիպել պաշտպանյալների հետ՝ այդպիսով խոչընդոտելով փաստաբանական գործունեությանը:

Հարցը պարզաբանում է Քննչական կոմիտեից, որտեղից հայտնել են:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խմբի կազմում ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել են Արթ. Ս.-ն և Արտ. Ս.-ն։

Նախաքննության ընթացքում Արտ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով, 457-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 1-ին մասով և 296-րդ հոդվածի (փողերի լվացումը) 3-րդ մասի 3-րդ կետով: Որոշում է կայացվել մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և որոշման հիման վրա Արտ. Ս.-ն ձերբակալվել և ներկայացվել է:

Ինչ վերաբերում է փաստաբանի՝ սոցիալական ցանցերում տարածած տեղեկությանը, ապա դա չենք մեկնաբանում. Արտ. Սարգսյանը հրաժարվել է իր պաշտպան Արսեն Բաբայանից և խնդրել իրեն տրամադրել հանրային պաշտպան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցներ «Artur Brothers»-ին բերման են ենթարկել։

«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է փաստեր և եղբայրների մասին ներկայացրել որոշ մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ Արթուր եղբայրների՝ Արթուր Մարգարյանի ու Արթուր Սարգսյանի կյանքը 2000-ականների սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնավորապես՝ քենիական իրականության հետ։ Եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվել են 2005 թվականից, որոնց համաձայն՝ նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, զբաղվել են թմրանյութերի վաճառքով, կատարել անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։

2006-ի մարտին եղբայրները Քենիայում աչքի են ընկել Standard Group հրատարակչության վրա հարձակմամբ՝ փորձելով խոչընդոտել Likoni Road լրատվամիջոցի տպագրությանը, քանի որ այն պատրաստվում էր նյութ հրապարակել նախագահի կանանց մասին: Արդյունքում, լրատվամիջոցի մի մեծ տպաքանակ այրվում է, իսկ ոստիկանական ուժերը չեն պատժում Արթուր եղբայրներին, քանի որ, ըստ լրատվամիջոցի, նրանք սերտ կապեր են ունեցել քենիական իշխանությունների հետ։ Reuters-ը գրում է, որ այդ գործողությունը խստորեն դատապարտել են աշխարհի շատ երկրներ։

Եղբայրների քենիական արկածները ավարտվել են 2006-ի հունիսին, երբ նրանք օդանավակայանում տեղի ունեցած մի աղմկահարույց պատմության հետևանքով արտաքսվել են Դուբայ։

2010-ին նրանց մասին քննարկումները Քենիայում ակտիվացել են, և, Nation Africa-ի փոխանցմամբ, որոշ պատգամավորների պահանջի հիման վրա իրականացվել է հետաքննություն։

2020-ին KTN news Kenya լրատվամիջոցը «Անձեռնմխելիները» վերնագրով հետաքննության մեջ ներկայացրել է Արթուր եղբայրների կապը երկրում ամենախոշոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։

Եղբայրները միջազգային մամուլում ավելի ուշ հայտնվել են արդեն Մալդիվներում ծավալած գործունեության համար, որտեղ նրանք 2012-ին հիմնել են Artur Brothers World Connections ընկերությունը՝ 80 տոկոս բաժնեմասով։ Մալդիվյան մամուլը նրանց նկատել է որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, իսկ երկրի ընդդիմության առաջնորդը, հաշվի առնելով քենիական նախադեպը, մտավախություն է հայտնել իր անվտանգության համար։

Ըստ աղբյուրի՝ նրանք 2023-ին արդեն հայտնվել են Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին։ Վերջինը, ի դեպ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գլխավոր դեմքերից մեկն է։