08/09/2024

ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակումից առաջ Բելառուսը առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին. Politico

Բելառուսը՝ նախքան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակումը, այդ երկրին մատակարարել է առաջադեմ զենքեր:

Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով տասնյակից ավելի գաղտնի նամակներ, դիվանագիտական նոտաներ, մուրհակներ և արտահանման անձնագրեր, որոնք հայտնվել են լրատվամիջոցի մոտ:

Նշվում է, որ ադրբեջանական բանակին Մինսկից օգնությունը տրամադրվել է 2018-ից 2020 թվականներին, ծառայությունները ներառել են հին հրետանային տեխնիկայի արդիականացում, էլեկտրոնային պատերազմի (EW) և անօդաչու համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում։

Ուսումնասիրված փաստաթղթերի թվում է Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության և հանրապետության պաշտպանական գործարանների նամակագրությունը։ Դրանում նշվում են Ադրբեջանի համար ժամանակակից հրետանային տեխնիկայի պատվերները և Մինսկի և Բաքվի նամակագրությունը՝ ադրբեջանական զինուժի համար «Գրոզա-Ս» հակահրթիռային համակարգերի գնման համակարգման վերաբերյալ։

Politico-ի ձեռք բերած փաստաթղթերից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքները վերադարձնելու, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում» այս երկիր։

Մայիսի կեսերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հիշեցրել էր նրանց միջև «ազատագրական պատերազմից առաջ» տեղի ունեցած զրույցը։ Զրույցի արդյունքում նրանք, ինչպես նշել է Լուկաշենկոն, այնուհետև «եկել են այն եզրակացության, որ հնարավոր է հաղթել պատերազմում»։

«Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր էր: Շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսը և Հայաստանը Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են։ Մի քանի տասնամյակ շարունակվող զինված հակամարտության ընթացքում Բաքուն մարտերում ակտիվորեն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր և հրետանի։

2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են սկսվել, որոնք դադարեցվել են ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ։ 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքը հայտնվել էր մարտական գործողությունների գոտում, որից հետո Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն կազմակերպությունն առաջարկել էր հանձնաժողով ուղարկել փաստերը հաստատելու համար։ Անցյալ աշնանը տեղի ունեցավ էսկալացիայի նոր փուլ, այնուհետև Բաքուն ստացավ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի վրա, ինչը ստիպեց տասնյակ հազարավոր հայերի լքել տարածաշրջանը՝ թողնելով տներն ու ապրուստը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, որ ճանաչում է «ՀԱՊԿ առնվազն երկու երկրների, որոնք մասնակցել են պատերազմի նախապատրաստմանը»։

«ՀԱՊԿ անդամներից մեկն ասում է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Իսկ դրանից հետո Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձեւաչափով ինչ-որ հարցեր քննարկե՞մ»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նա ՀԱՊԿ-ին անվանել է «փուչիկ միություն», որի անդամները «Ադրբեջանի հետ միասին պատերազմ էին ծրագրում Հայաստանի դեմ»։

Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում լինելու է կազմակերպությունից դուրս գալը։

Նա նաև նշել էր, որ ոչ ինքը, ոչ էլ երկրի այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մինսկը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հայաստանից իր դեսպանին, և Երևանը նույնն է արել։