Իշխող ուժի և նրա ղեկավարի նյարդային արձագանքներից և ամենօրյա մարտավարական սխալներից կարող ենք օբյեկտիվորեն արձանագրել, որ շարժումը առաջին փուլում հասել է կոնկրետ հաջողության։
«Փաստի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ պատասխանելով Երևանում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ընթացող շարժման և նրա արդյունքների մասին մեր հարցին։ Վարդանյանը նշեց, որ շարժման հաջողության համար պետք է փոխել նրա թե՛ տրամաբանությունը, թե՛ մարտավարությունը։ «Շարժումը պետք է մտնի ժողովրդի մեջ։
Մեղրիից մինչև Գյումրի, առհասարակ ամբողջ հանրապետությունում շարժումը իր առաջնորդի հետ պետք է շրջի և խոսի ժողովրդի հետ, բացատրի իրողությունները և առաջ քաշի համաժողովրդական նոր օրակարգ։ Հաջորդ կարևոր քայլը արհեստավարժ ստվերային կառավարության ձևավորումն ու հրապարակումն է, որպեսզի երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհը մեր քաղաքացիների համար առավել տեսանելի լինի»,-նշում է «Միասնության» ղեկավարը։ Անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառմանը՝ Արման Վարդանյանը նշեց, որ «Միասնությունը» դատապարտում է իշխանությունների և իրավապահների նման գործելաոճը, որը, միևնույնն է, չի կոտրելու ժողովրդի ոգին, ավելին, ունենալու է հակառակ ռեակցիա և դառնալու է իշխանությունների վերջի սկիզբը։ Բիրտ ուժի կիրառումը նաև ցույց տվեց, որ Փաշինյանը ընտրել է ծայրահեղ ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը։
Ինչ վերաբերում է պայքարի կենսունակությանը, Վարդանյանը վստահ է, որ այն չփոշիացնելու համար հարկավոր է ինստիտուցիոնալ դարձնել՝ զուգահեռաբար այն մաքրելով անընդունելի անձանցից ու երևույթներից։ «Հայ ժողովուրդը ելել է ազնիվ պայքարի, և անազնիվ ձևով այն մսխելը կարող է շատ թանկ արժենալ մեր պետության գոյության համար»,-ամփոփեց Արման Վարդանյանը։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին