09/10/2024

Իլհամ Ալիեւը կստորագրի՞ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը»

Եթե ընդունենք, որ Հայաստանում 1998 թվականի փաստացի իշխանափոխությունը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հունվարի 7-8-ի նիստում, ապա ուշագրավ է, որ երեք տարի անց՝ 2001 թվականի հունվարի 6-ին Բաքու է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ ստորագրվել է «Բաքվի հռչակագիրը»:

Փաստաթղթի կարեւորության մասին վկայում է նախաբանի այն ձեւակերպումը, որ կողմերն այն ընդունում են «գիտակցելով իրենց պատասխանատվությունը Կովկասի ներկայի եւ ապագայի նկատմամբ»:

Անցյալ ամիս, Լազարեւյան ակումբի նիստում Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Զատուլինը արեց թռուցիկ ակնարկ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, հետո մեկ իրավաբանություն է տրվել Միլլի մեջլիսի պատգամավոր Հասանգուլիեւին, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ունեն «սեպարատիզմի դեմ համատեղ պայքարի պարտավորություն»։

Հասկացվեց, որ «Բաքվի հռչակագիրը» ունի գաղտնի հավելված: Դա Վլադիմիր Պուտինի փորձության շրջանն էր: Իշխանության ամրապնդման համար նրան պետք էր փակել Չեչնիայի, իսկ ավելի լայն կտրվածքով — Հյուսիսային Կովկասի երկրորդ հպատակեցման հարցը: Ի՞նչ է խոստացել նա Հեյդար Ալիեւին՝ ապստամբ չեչեններին բազմակողմ օժանդակությունը դադարեցնելու դիմաց՝ կարելի է ենթադրել: Ստույգ է, որ Բաքվում փակվել է Իչկերայի հանրապետության ներկայացուցչությունը, չեչեն հարյուրավոր զինառյալներ արտաքսվել են:

Հայաստանում կան տասնյակ ադրբեջանագետներ, բայց նրանցից, երեւի, ոչ ոք չգիտի, որ Իլհամ Ալիեւի մորական պապ Ազիզ Ալիեւը Կովկասի համար չափազանց բարդ իրավիճակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գլխավորել է Դաղստանի ինքնավարությունը: Հյուսիսային Կովկասի նկատմամբ Բաքվի «իրավունքները» Մոսկվայի կողմից ճանաչված են խորհրդային ժամանակներից։

Եւ ուրեմն Բաքվի 2001թ. հունվարի 6-ի Հռչակագրի ձեւակերպումը, որ կողմերն այն ստորագրում են «գիտակցելով Կովկասի ներկայի եւ ապագահի համար պատասխանատվությունը», «ոչ այլ ինչ է, քան՝ Կովկասյան, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի» «համատեղ կառավարման» «մասին աշխարհաքաղաքական նշանակության պայմանավորվածություն:

Դա ուժերի հարաբերակցության փոխադարձ ճանաչում է այն իմաստով, որ եթե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անկախության լեգիտիմացման քայլ կատարի, ապա Ադրբեջանը «կպայթեցնի» Հյուսիսային Կովկասը: Միայն Դերբենտում եւ հարակից «աուլներում» ԼՂ հայ բնակչությանը կրկնակի գերազանցող ադրբեջանցիներ են բնակվում, եւ «ունեն ինքնորոշման անկապտելի իրավունք»:

Մանավանդ որ ցարական վարչա-տարածքային բաժանմամբ տեղաշրջանը մտնում էր Բաքվի նահանգի կազմի մեջ: Այս իմաստով կատարյալ ցնորամտություն էր լեզգիական «Սադվալ» շարժման հետ հայկական «համագործակցությունը»: Փաստացի դա ոչ այնքան Ադրբեջանի, որքան Ռուսաստանի դեմ էր:

Վլադիմիր Պուտինը, պետք է համոզված լինել, 2001թ. հունվարի 6-ը պատահական չէ, որ Ադրբեջան առաջին այցի օր է ընտրել: Դա ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վճռորոշ փուլն էր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ԱՄՆ պետքարտուղար Պաուելի միջնորդությամբ պատրաստվում էին քիուեսթյան հանդիպմանը: Բավական էր, որ Հեյդար Ալիեւն ստորագրեր այդ համաձայնագիրը, եւ Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն, որ ձեւավորվել էր 1806-1828 թվականների ռուս-պարսկական եւ 1828-1829թ.թ. ռուս-թուրքական պատերազմներով, արմատապես կփոխվեր:

Ռուս-ադրբեջանական Բաքվի հռչակագրի ստորագրումից երեք ամիս անց, Հեյդար Ալիեւը մեկնեց Քիուեսթ եւ «տարածքների/սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով կազմված հայ-ադրբեջանական «պատմական հաշտության» պայմանագիրը ձախողեց: Քաղաքականությունը «Հասնինք Սասուն, մտնինք Վան/Մուշ, Ալաշկերտ, Արդահան» երգել չէ: Իլհամ Ալիեւը կստորագրի հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը»: