18/07/2024

Ռուսաստանը նախաձեռնում է ԵԱՀԿ լուծարման գործընթաց եւ հրաժարվում ԽՍՀՄ իրավահաջորդությունից

Ռուսաստանի Դաշնային խորհրդի Վերին պալատի խոսնակ Մատվիենկոն սպասելի է տեղեկատվություն է տարածել. Մոսկվան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամավճար չի մուծի եւ պատրաստվում է լքել այդ կառույցը:

Փաստացի Ռուսաստանը նախաձեռնում է ԵԱՀԿ լուծարման գործընթաց եւ հրաժարվում ԽՍՀՄ իրավահաջորդությունից: «Հելսինկյան աշխարհակարգը» դադարում է, որովհետեւ 1975թ. Ֆինլանդիայում գումարված՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովի Եզրափակիչ ակտը Երկրորդ համաշխարհային պատերազմից երեսուն տարի անց թեեւ ֆորմալ առումով ամրագրում էր Եվրոպայի իրավաքաղաքական ստատուս քվոն, բայց փաստացի ԱՄՆ-ԽՍՀՄ չհարձակման մասին պայմանագիր էր:

Ըստ էության, արտառոց ոչինչ տեղի չի ունենում, բացի ամենարտառոցից. Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ Հելսինկյան եզրափակիչ ակտով, պետական անկախության մասին 1990թ. հունիսի 12-ի, 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրով ստանձնած պարտավորությունից հրաժարվում է:

Այս կոնտեքստում պետք է դիտարկել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, որ Հայաստանն «ինքն է խախտել Ալմա-Աթայի հռչակագիրը» եւ «իրավունք չունի ադրբեջանցի զինվորի զբաղեցրած դիրքերն անվանել օկուպացված տարածք»: Հասկանալի է, թե անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտում ինչու է կազմվել Հայտարարության մի տեքստ, որտեղ կրակի դադարեցման նախապայման է դրվել Լեռնային Ղարաբաղից «Հայաստանի Զինված ուժերի մնացորդների դուրսբերումը»:

Ամենայն հավանականությամբ, այդ թրենդի մեջ է, որ Արցախի «նախագահ» Սամվել Շահրամանյանն ամիսների լռությունից հետո ճեպազրույց հրավիրեց եւ կոնկրետ ներքաղաքական իրավիճակի հետ ոչ մի առնչություն չունեցող հայտարարություն արեց, որ «Պաշտպանության բանակը մինչեւ վերջին վայրկյանը ենթարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը, հանդիսացել նրա տարածքային ստորաբաժանումը»:

Պետք է դիտարկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Իլհամ Ալիեւի «առաջարկության» եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լքելու մասին Մոսկվայի որոշման ունիսոնը: Եթե ՄԽ համանախագահ երկրներից մեկը լքում է ԵԱՀԿ-ն, ապա մյուս երկուսի՝ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մանդատը կորցնում է լիարժեք լեգիտիմությունը:

Եթե ԵԱՀԿ ԽՎ-ում անդամությունը դադարեցնելու մասին Մոսկվայի հայտարարությանը նախորդած շրջանում տեսականորեն կարելի էր համաձայնել, որ Հայաստանի իշխանությունը «վարում է արկածախնդիր արտաքին քաղաքականությունը, երկիրը վերածում ուժային կենտրոնների կոշտ մրցակցության թատերաբեմի», ապա այս պահից պետք է իրավիճակը գնահատել սառը, սթափ եւ հնարավորինս ստույգ եւ առայժմ արձանագրել, որ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո պաշտոնական Երեւանը բոլոր ռեսուրսներն ի սպաս է դրել, որպեսզի Հայաստանը ոչ սուվերեն սուբյեկտի կարգավիճակով չհանձնվի Կովկասի ալիեւյան «փոխարքայությանը»:

Եվ ունենք իրավիճակ, երբ այդ քաղաքականության արդյունավետության-ոչ արդյունավետության դիսկուրսն ապրիորի հայկական չէ, հայաստանյան չէ, Հայաստանի ազգային-պետական շահերին հակոտնյա է: Ռուսաստանը Հայաստանն Ադրբեջանին հանձնելու եւ այդ կերպ աշխարհաքաղաքական ծրագիր իրականացնելու ուղեգիծն այլեւս դրսեւորում է բաց: Հանձնվե՞լ, թե՞ չհանձնվել Կովկասի ալիեւյան «փոխարքայությանը» – սա է խնդիրը: