21/12/2024

Բաքուն թերեւս չունի իրական խաղաղության գնալու գործնական մտադրություն

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ինտենսիվ աշխատել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ամբողջացման ուղղությամբ եւ այն բերել ստորագրման, սակայն ցավոք Ադրբեջանից չկա կառուցողական արձագանք: Արարատ Միրզոյան այդ մասին հայտարարել է Լիտվա կատարած այցի ընթացքում:

Ավելի վաղ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի պահվածքը ցույց է տալիս, որ «ճիշտ են այն կենտրոնների վերլուծությունները, որոնք կարծում են, որ նոյեմբերին Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հանդեպ ագրեսիվ գործողությունների»:

Երեւանն ըստ ամենայնի փորձում է մինչեւ նոյեմբեր ստանալ այնպիսի մթնոլորտ Հայաստան-Ադրբեջան հակամարտության շուրջ, որը բավականին կբարդացնի Ադրբեջանի համար այսպես ասած հետնոյեմբերյան որեւէ ագրեսիայի «գայթակղության» տրվելը:

Մյուս կողմից սակայն, անգամ այդպիսի ագրեսիայի մտադրություն կամ իրական հնարավորություն չունենալու պարագայում, Բաքուն թերեւս չունի իրական խաղաղության գնալու գործնական մտադրություն, եւ չի ունենա այդպիսին, քանի դեռ տեսնում է երկու առանցքային հանգամանք. անորոշ եւ անկանխատեսելի աշխարհաքաղաքական միջավայր, որտեղ բոլորովին պարզ չէ առանցքային ուժերի հիմնական բալանսը, եւ մյուսը՝ իր ուժային էական առավելություն Հայաստանի նկատմամբ:

Երկու պարագայում էլ Բաքուն ունի բավականին ժամանակային տարածություն, սա պետք է նկատել, խոստովանել, ու պետք է հասկանալ, թե այդ ժամանակային տարածության մեջ Երեւանն ինչպես պետք է խաղա, որ մի կողմից չտա Բաքվին ագրեսիայի առիթ, մյուս կողմից այդ խնդիրը չլուծի Բաքվին նորանոր միակողմանի զիջումներով եւ կամ այնպիսի քաղաքական համաձայնություններով, որոնք հետո աշխատելու են Հայաստանի դեմ շատ երկար տարիներ:

Այդ խնդիրները լուծելու առաջադրանքի համատեքստում կան բավականին ուշագրավ գործընթացներ Հայաստանում, որոնց մասին թերեւս չարժե հաճախ եւ հանգամանալից խոսել մանրամասն, քանի որ այդտեղ հիմնականում լռությունը կարող է Հայաստանին տալ ճկունության ավելի մեծ հնարավորություն:

Միաժամանակ, դրան զուգահեռ Հայաստանը պարբերաբար հայտարարում է խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ աշխատանքի պատրաստակամության մասին, պատկերացնելով, որ դրան պատրաստ չէ Ադրբեջանը եւ հակախաղաղության հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղել Բաքու, բոլոր այն տեղերից, որտեղիվ հնչում են Կովկասի խաղաղությամբ շահագրգռության հավաստիացումներ, եթե դրանք իրապես անկեղծ են: