08/09/2024

Մոսկվան «ծրագրում է ստեղծել ասիական ՆԱՏՕ»

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը մասնակցել է ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստին, որ գումարվել է Բաքվում:

Հաջիեւը վերահաստատել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական-գործընկերային են եւ ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստ գումարվում է «ՌԴ նախագահ Պուտինի Հյուսիսային Կորեա» այցին հաջորդած մի իրավիճակում, երբ միջազգային փորձագետները ենթադրում են, որ Մոսկվան «ծրագրում է ստեղծել ասիական ՆԱՏՕ»:

Պատահական զուգադիպություն է, թե օրինաչափություն, բայց ռուսաստանցի եւ ադրբեջանցի փորձագետների հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցի հաջորդ օրը, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական-գործընկերային բնույթի մասին Ալիեւի օգնականի շեշտադրումը, կարծես, հասցեագրվում է ԱՄՆ պետական դեպարտամենտին: Այն իմաստով, որ Բաքվի որոշումն անշրջելի է առնվազն ներկա փուլում, քանի որ Հաջիեւը կարեւորել է երկու երկրների առաջնորդների միջեւ փոխադարձ համակրանքի եւ վստահության գործոնը:

Միջազգային փորձագետներից մեկի գնահատմամբ, Վլադիմիր Պուտինի Փհենյան, այցը հետապնդում է նաեւ «կառավարման փորձի ուսումնասիրության նպատակը». Ռուսաստանում Պուտինը արդեն կառավարում է արդեն քառորդ դարում: Հյուսիսային Կորեայում իշխանությունը դինաստիական է: Վլադիմիր Պուտինը անձնական ժառանգորդ չունի, բայց դրանից հետեւում չի ենթադրվում, որ նրա հետո Ռուսաստանում իշխանության հաջորդայինությունը կխզվի: Կրեմլում եւ այն հսկողության ենթական բիզնեսում ձեւավորվել են կլաններ, որ միմյանց հետ մրցակցելով հանդերձ՝ ըստ էության ավտորիտարզմի եւ ռազմա-հայրենասիրական գաղափարախոսության կրող են:

Երբ Ալիեւը փետրվարին նախագահի արտահերթ ընտրություն կազմակերպեց, ադրբեջանցի փորձագետների մեծ մասն արձանագրեց, որ «դրվում է դինաստիական իշխանության հիմքը». Ադրբեջանում, ըստ էության, այդ իշխանությունը տեւում է արդեն 55 տարի՝ 1969թ. Հեյդար Ալիեւի կոմունիստական «գահակալությունից» ի վեր: Այս առումով Ալիեւի համար եվրասիական աշխարհակարգը, որտեղ գերիշխում է ավտորիտարիզմի հանդեպ հանդուրժողականությունը, կոմֆորտային է։

Բայց ավտորիտարիզմի ակումբ ձեւավորվում է որպես «եվրաատլանտյան աշխարհակարգի հակակշիռ», իսկ այնտեղ Ադրբեջանի հովանավոր Թուրքիան է: Մարտին կայացած մունիցիպալ ընտրություններում հաղթանակի դեպքում Էրդողանը, գուցե, կարող էր Արեւմուտքին «ատամ ցույց տալ»: Այսօր նա կախված է Ժողովրդա-հանրապետական կուսակցության լոյալությունից, նրա հետ է փորձում համաձայնեցնել 21-րդ դարի սահմանադրության հիմունքները:

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Էրդողանը հուլիսի 5-6-ին այցելում է Բաքու: Նախատեսվում է, որ Շուշիում կգումարվի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողով, բայց ի՞նչ հարց կարող է այնտեղ լուծվել, եթե հուլիսի 15-ին Թուրքիայի նախագահը պետք է մեկնի Վաշինգտոն, որտեղ ՆԱՏՕ-ն գագաթաժողով կանցկացնի: Թուրքիան, հավանաբար, չի հեռանա ՆԱՏՕ-ից, թեեւ եվրասիականության գաղափարախոս Դուգինը պնդում է հակառակը: Էրդողանին, ըստ երեւույթին, չի հաջողվի լուծել դինաստիական իշխանության խնդիրը: Իսկ Ալիեւն այդ նպատակից չի հրաժարվի:

Թուրքիան եւ Ադրբեջանը «կհայտնվեն հակադիր ճամբարներու՞մ»: