08/09/2024

Որքանո՞վ է այդ ամենն օգնում Հայաստանի ռազմա-տեխնիկական բանակցությունների արդյունավետությանը

Bulgarian military-ն հրապարակել է հոդված, որում տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական արտադրության Barak-8 զենիթահրթիռային համալիրներով: Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների մասին հրապարակումները միջազգային մամուլում ստանում են հաճախակի պարբերականություն:

Դեռեւս նախորդ տարի Փաշինյանն անդրադառնալով օրինակ Հնդկաստանի լրատվամիջոցներում արվող այդպիսի հրապարակումներին, կառավարության նիստի ժամանակ արել էր արտահայտություն, որ հարց է, թե այդպիսի հրապարակումները որքանով են օգտակար:

Այդ հարցը թերեւս իրապես արդիական է, եթե հաշվի առնենք, որ սպառազինության ձեռքբերումը լոկ ռազմա-տեխնիկական եւ կոմերցիոն հարց չէ, այլ ըստ էության քաղաքական: Ի վերջո, սպառազինության ձեռքբերման, ռազմա-տեխնիկական գործակցության հարցը գաղտնիության տարրեր պարունակող բավականին նուրբ հարց է, որը սակայն փաստորեն պարբերաբար հայտնվում է այս կամ այն երկրի այս կամ այն լրատվամիջոցի էջերին:

Որքանո՞վ է այդ ամենն օգտակար Հայաստանին, որքանո՞վ է այդ ամենն օգնում Հայաստանի ռազմա-տեխնիկական բանակցությունների արդյունավետությանը, եթե հաշվի առնենք երկու էական հանգամանք. Հայաստանի այդ ձեռքբերումների դեմ աշխատում են առնվազն Ադրբեջանն ու Թուրքիան, եւ Հայաստանի մատակարարումները ունեն լոգիստիկ այնպիսի «ճարտարապետություն», որն ինքնին ենթադրում է նուրբ քաղաքական շերտեր եւ հանգամանքներ:

Ուրիշ բան, եթե մամուլում հայտնվում է արդեն իսկ բանակցված արդյունքը՝ որեւէ զինատեսակի ձեռքբերման եւ մատակարարման հստակ պայմանավորվածության մասին տեղեկություն: Եվ, այլ հարց է նաեւ, եթե այդօրինակ հրապարակումներով Հայաստանն ինքն է «տակտիկական կառավարման» ենթարկում իր ռազմա-տեխնիկական հետաքրքրությունները եւ «քողարկում» դրանք: Այդ պարագայում իհարկե պատկերը կլինի առավել հասկանալի: Այդուհանդերձ հարկ է հասկանալ, թե որ տարբերակի հետ գործ ունենք, հաշվի առնելով վերը թվարկածս հանգամանքները: