08/09/2024

Պուտին-Էրդողան բանակցություններից է կախված, թե ինչ դիրքորոշում կունենան Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները

Վլադիմիր Պուտինը Հանոյում հայտարարել է, որ պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, եթե Ուկրաինայում իրավիճակը մոտենա ռազմավարական պարտության:

«Ռուսաստանի համար դա նշանակում է պետականության դադարում, Ռուսիո հազարամյա պետականության ավարտ: Կարծում եմ, դա բոլորի համար պարզ է: Իսկ այդ դեպքում հարց է ծագում՝ արժե՞ հախենալ, ավելի լավ չէ՞ մինչեւ վերջ գնալ: Սա տարրական ֆորմալ լոգիկա է,» – ասել է նա։

Հուլիսի 15-16-ին Վաշինգտոնում գումարվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողով: Պուտինի ԿԺԴՀ եւ Վիետնամ այցի ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի միջակայում, հուլիսի 4-5-ին Աստանայում գումարվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողով:

Այդ ձեւաչափով ՇՀԿ նախորդ՝ 2022թ. հավաքին հրավիրվել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ժամանակագրական առումով դա համընկավ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային: Առ այս պահը տեղեկություն չկա՝ Ալիեւը կհրավիրվի՞ ՇՀԿ Աստանայի գագաթաժողովին: Թուրքիայի նախագահի մասնակցությունը, կարծես, հաստատված է:

Ընդսմին, թուրքական աղբյուրները հայտնում են, որ Պուտին-Էրդողան բանակցությունները կնախորդեն գագաթաժողովի բացմանը: ՇՀԿ անդամները պետք է որոշեն կազմակերպության Բելառուսի անդամության հարցը: Ռուսաստանյան մամուլի ակնարկներից դատելով, անդամության խնդիրը կարգավորելուց հետո Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է ներկայացնի եվրասիական անվտանգության նոր համակարգի «քաղաքական կոնտուրները»:

Խնդիրն այն է, թե Կենտրոնական Ասիայի երկրները եւ Ադրբեջանը Պուտինի «Հուսահատների ակումբին» անդամակցելու ցանկություն կունենա՞ն: Թուրքիայի նախագահն Աստանայում կգտնվի Վաշինգտոն մեկնելուց տասը օր առաջ, ապա առանձին կհանդիպի Իլհամ Ալիեւին:

Պետք է ենթադրել, որ Պուտին-Էրդողան բանակցություններից է կախված, թե ինչ դիրքորոշում կունենան Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Համաձայնության դեպքում, ամենայն հավանականությամբ, կդրվի պոստոխորհրդային տարածքի անվտանգային նոր համակարգի ինստիտուցիոնալացման հիմքը:

Բայց դա հնարավոր կլինի, եթե Էրդողանը «թուրքական աշխարհը» զիջի Պուտինին՝ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի լիարժեք անդամության երաշխիքների դիմաց: Մոսկվվան կարո՞ղ է, ասենք, Հնդկաստանի անունից նման երաշխիք տալ: Մյուս կողմից էլ Թուրական պետությունների կազմակերպության անդամ բոլոր երկրնե՞րն են համաձայն «Հուսահատների ակումբի» անդամ լինել: Ռուսաստանի նախագահը, կարծես, ռազմավարական հաշվարկներում սխալվում է, երբ պնդում է, որ Արեւմուտքն է իր ռազմավարական պարտության միակ շահառուն:

Իսկ «թուրքական աշխարհը» եւ Իրանը: Չխոսած Չինաստանի մասին: Պուտինը չի՞ հաշվարկել, որ ուկրաինական պատերազմը Ռուսաստանին կարող է «մերկացնել» նաեւ արեւելյան եւ հարավային ռազմավարական ուղղություններում: Էրդողանը Շուշիում ԹՊԿ գագաթաժողով է գումարում: Դա ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովում նրա լուրջ խաղաքարտը կլինի: Թուրքական աշխարհի Մոսկվա-Անկարա կոնդոմինումային կառավարման նախագիծը չի աշխատում: Բաքուն կարո՞ղ է փոխարինել Անկարային: