«Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից:
Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել:
Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին:
Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել:
Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական:
Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:
Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել:
Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով:
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար