25/07/2024

Ինչ էական է, թե վկան ինչ կասի, եթե կա տեսանյութ

Հայաստանում ամեն ամիս քաղբանտարկյալների թիվն ավելանում է: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններով հանդես գան, դրանից ավտորիտար ռեժիմի բնույթը չի փոխվում: Բագրատ սրբազանի շարժման օրերին տասնյակներով քաղաքացիներ են կալանավորվել: Նրանց մի մասին մի քանի ժամ պահելուց հետո բաց էին թողնում, մյուսների նկատմամբ քրեական գործեր էին հարուցում, կան նաեւ կալանավորվածներ:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կալանավորվածների թիվը 15-ն է: Նրանցից մի քանիսի հետ տեսակցություններն անգամ դատարանն արգելել է։ «Կոնկրետ այսօր քննվելու է մայիսի 31-ին կալանավորված երկու անձանց հարցը, չեմ բացառում, որ կարող է փոխվել խափանման միջոցը: 15 կալանք ասվածը բացառապես վերաբերում է հենց բուն կալանավորվածներին, տնային կալանքում գտնվողների քանակն այլ է: Երբ խոսքը նույն քրեական վարույթին է վերաբերում, սովորաբար մոտեցումը նույնական է լինում: Միայն մայիսի 31-ին կալանավորված երեք անձանցից երկուսի տեսակցությունը բաց է, մյուսինն արգելված է: Սա արտաքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպի գործն է, ինչ վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, ապա դրա շրջանակներում կալանավորված անձանց տեսակցությունները բաց են»,- ասաց իրավապաշտպանը:

Իսկ ի՞նչ հիմքով են արգելում տեսակցությունները։ «Տեսակցությունների արգելքն ունի հետեւյալ կարգավորումը. եթե քննչական մարմինը տեսնում է հիմքեր, օրինակ` երբ տեսնում են վարույթի նկատմամբ ազդեցություն գործադրելու ռիսկեր, ասենք` ապացույցներ վերացնել եւ այլն: Միայն այդ դեպքում կարող է դատարանը նման միջնորդություն ներկայացնել: Ես բացառում եմ, որ այս պարագայում անձինք կարող են ազդել գործի վրա, մի պարզ պատճառով: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մարդիկ ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում: Ի՞նչ էական է այս պարագայում, թե վկան ինչ կարող է ասել, եթե կա տեսանյութ»,- նշեց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մի քանի հանրահավաքներ իրականացրեց` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ տեղադրեցին Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվեց բախումներով` ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, ինչի հետեւանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթներ նախաձեռնեց։