08/09/2024

ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ որպես առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկիր

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին:

Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուսանկարների հիման վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմամշակութային 109 հուշարձանների վիճակի մասին:

Զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել։»

Զեկույցը նշում է. «CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին:»

Պետքարտուղարությունը մեջբերում է նաև հունիսի 22-ին CHW-ի հրապարակած զեկույցը, որտեղ արձանագրվում են «մտահոգիչ միտումներ», որոնք վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի երկրամասի մշակութային ժառանգության վայրերը, ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում:

Փաստաթուղթը հիշատակում է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ:»

Ըստ Պետքարտուղարության զեկույցի՝ հատուկ զեկուցողը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի մտահոգությունները հայկական ժառանգությունը կովկասյան-ալբանական «խոսույթով» փոխարինելու կապակցությամբ. երկրամասի մշակույթի և ճարտարապետության ոլորտների փորձագետների ճնշող մեծամասնությունն, ըստ զեկույցի, «մերժել էին այս ռեվիզիոնիստական պնդումները՝ դրանք որակելով կեղծ»։

Պետքարտուղարության զեկույցն ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ը պետքարտուղարը, հենվելով 1998 թվականի Կրոնական ազատության միջազգային ակտի վրա, Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում, որը առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկրների ցուցակ է՝ «դավանանքի ազատության կոպիտ խախտումներ իրականացնելու կամ դրանք հանդուրժելու համար»,- նշված է պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին այս տարվա զեկույցում: