23/07/2024

Պապիկյանը ներկա է եղել Վ. Սարգսյանի անվան ակադեմիայի կազմավորման տարեդարձին նվիրված արարողությանը. Լուսանկար

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ակադեմիան մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։ Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 30 տարի անց, ռազմական ակադեմիան իր դռներն է բացում որակապես նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերով ու շենքային պայմաններով։

Պապիկյանը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի կազմավորման տարեդարձին նվիրված արարողությանը

«Պետք է անկեղծորեն ասել՝ ռազմական կրթօջախը դժվար ճանապարհ է անցել՝ իր կենսագրության տարբեր փուլերում առերեսվելով և՛ ձեռքբերումների, և՛ ձախողումների, և՛ նվաճումների, և՛ թերացումների հետ, սակայն կանգ չի առել, շարունակել է իր ընթացքն ինքնակատարելագործման ճանապարհով՝ ընդլայնելով կրթօջախի ուսումնանյութական բազան, բարելավելով շենքային պայմանները, բարձրացնելով դասավանդման արդյունավետությունը, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժությունը, ապագա սպաների գաղափարական ու բարոյահոգեբանական դաստիարակության մակարդակը՝ ի շահ բանակն արժանավոր սպայական կադրերով համալրելու գերնպատակի»,- ընդգծել է նախարար Պապիկյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամագրվելը միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռել:

«Այս ամենով հանդերձ՝ պիտի խոստովանենք, որ ռազմական ակադեմիայի բոլոր ձեռքբերումները կդառնան ապարդյուն, եթե մենք չտեսնենք դրանց արձագանքներն ամեն տարի ընդունելության քննությունների ժամանակ՝ արձանագրելով դիմորդների թվի շոշափելի ավելացում: Սպայական խավը համալրելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը զինվորագրվելու պատիվը պիտի գայթակղիչ լինի հայ պատանիների համար: Իսկ մեր պարտքն է դրան հավելել նաև պետության խրախուսանքն ու հովանավորությունը, պետության գնահատանքն ու աջակցությունը: Այսօր պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով՝ իր հայեցողությամբ տնօրինելու, իսկ 20 տարի ծառայելուց հետո նաև սեփականաշնորհելու իրավունքով: Ե՛վ սոցիալական, և՛ բարոյական հնչերանգ պարունակող այս արտոնությունը զինծառայությունը շահեկան դարձնելու, ինչպես նաև սպայի մասնագիտությունը պատվելու և կարևորելու խոստումնալի քայլ է»:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան մեր ռազմական կրթության ողնաշարն է, մեր բանակի հենքն ու զինված ուժերի մարտունակության կարևորագույն նախադրյալներից մեկը, և նրա կազմավորման 30-ամյակը տոն է յուրաքանչյուրի համար, ով գիտակցում է բանակի բացառիկ դերը մեր երկրի ինքնիշխանության պահպանման ու պաշտպանունակության գործում:

Ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ խոսքով հանդես է եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ակադեմիայի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու արժեքավոր նվերներով:

Միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով:

Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:

ՀՀ պաշտպանության նախարարություն