08/09/2024

Շատ կասկածելի է. Իրանում Փեզեշքիանը նախագահի թեկնածու է հաստատվել՝ հյուսիսային նահանգներին ինքնավարություն շնորհելու քարոզչություն

Հունիսի 28-ին Իրանում նախագահի արտահերթ ընտրություններ են: Ըստ մամուլի, հիմնական մրցապայքարը ծավալվելու է երեք թեկնածուների՝ Ջալալիի, Ղալիբաֆի եւ Փեզեշքիանի միջեւ:

Ընդ որում, Բաքվի լրատվամիջոցները սոցիոլագիական հարցումների արդյունքներ են հրապարակում, որտեղ առաջնությունը տրվում է էթնիկ ազերի Մասուդ Փեզեշքիանին. նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկվածների շուրջ 24 տոկոսը: Այլ աղբյուներ պնդում են, որ նրան թույլ են տվել մասնակցել ընտրապայքարին, որպեսզի մասնակցության բարձր տոկոս ապահովվի:

Հունիսի 26-ին Փեզեշքիանը Թավրիզում նախընտրական բազմամարդ հանրահավաք է կազմակերպել, որի ընթացքում հնչել են «Կեցցե՜ Ադրբեջանը» եւ «Պահանջում ենք ադրբեջանական դպրոցներ բացել» բնույթի կոչեր: Տարածված տեսագրություններից, որ փոխանցում են Բաքվի լրատվամիջոցները, պարզվում է, որ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ թուրքական «Գորշ գայլերի» հայնտնի խորհրդանշան են ցուցադրել: Անվտանգության ուժերը չեն միջամտել:

Իրանի քաղաքական վերնախավում էթնիկ ազերիների ներկայությունը փաստ է: Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի երկարամյա պատգամավոր է, հայտնի է լիբերալ հայացքներով: Բայց մի բան է քաղաքական ազատամտությունը, բոլորովին այլ՝ Իրանի տարածքային ամբողջականության մասնատման քարոզչությունը:

Այս առումով շատ կասկածելի է թվում, թե Իրանի սահմանադրության Պահապանների խորհուրդը Փեզեշքիանին նախագահի թեկնածու է հաստատել, որպեսզի նա հյուսիսային նահանգներին ինքնավարություն շնորհելու քարոզչություն ծավալի:

Մյուս կողմից էլ նման որոշումը, կարծես, վկայում է, որ Իրանի ներքաղաքական կյանքում դա լրջագույն խնդիր է: Եւ Փեզեշքիանի թեկնածությունը հաստատվել է, որպեսզի նախընտրական շրջանում կրքեր չբորբոքվեն: Ֆորմալ առումով ժողովրդավարությունը եւ քաղաքացիական իրավահավասարության սկզբունքը պահպանվում է, բայց քվեարկության արդյունքով նախագահ է ընտրվում կամ Ջալալին, կամ՝ Ղալիբաֆը:

Հաշվարկը՝ հաշվարկ, բայց ո՞վ է երաշխավորում, որ Իրանում «ամեն ինչ վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը,» Թավրիզի հանրահավաքի էներգետիկան, եթե դա «խայծ» չէ, ցույց է տալիս, որ էթնիկ անհանդուրժողականությունը չափազանց մեծ է, եւ Թավրիզը ցանկացած պահի կպայթի, եթե Փեզեշքիանն իրոք անջատողական շարժման կոչ անի:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլում Բաքուն, կարծես, Փեզեշքիանից դիստանցիա է պահում: Մամուլի հրապարակումները հիմնականում չեզոք են, փորձագետներն առավել ուշադրություն են դարձնում հետընտրական Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների խնդրին: Բայց ի՞նչ դիրքորոշում կընտրի Բաքուն, եթե հունիսի 28-ի քվեարկության արդյունքներն անակնկալ մատուցեն, կամ Փեզեշքիանի պարտության դեպքում Թավրիզը փոթորկվի:

Վերջին շրջանում թուրքական մամուլը Թեհրանին մեղադրել է Իրաքի եւ Սիրիայի քրդական խմբավորումներին ԱԹՍ-եր եւ դրանց դեմ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տրամադրելու մեջ: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, մինչդեռ, պահանջել է, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդաբնակ շրջաններից իր ռազմական ներկայությունը հեռացնի:

Հունիսի 12-ին Իրանը եւ Ադրբեջանը կոմունիկացիաները դիվերսիոն հարձակումներից համատեղ պաշտպանելու մտահղացմամբ զորավարժություններ են անցկացրել: Բայց Բաքվում ոչ ոք օրակարգից չի հանել «միասնական Ադրբեջանի» տեսլականը: Մասուդ Փեզեծքիանը կփակի այդ հեռանկարը, թե՞ կակտուալացնի: Նա Իրանի հոգեւոր առաջնորդի «խա՞յծն» է Բաքվին, թե՞ տրոյական ձի, որ կարող է Իրանի մասնատման պատճառ դառնալ: