05/11/2024

Ինչու մարեց «Սրբազան շոուն», և երբ հնարավոր կլինի կրկնել 2018-ի հեղափոխության ֆենոմենը

«Սրբազան շարժումը», ավելի ճիշտ՝ «սրբազան շոուն», չկարողանալով հասնել իր առջեւ դրված նպատակին՝ Կառավարության եւ դրա ղեկավարի հրաժարական, հայտարարել է իբրեւ թե «թայմ աութ» վերցնելու՝ ինքնամաքրման ու վերակազմակերպման փուլ մտնելու մասին՝ մինչեւ կգա փողոցային պայքարի հերթական սեզոնն ու․․․․ ինչպես հայտնի երգում է հնչում՝ «վաղն ամեն ինչ կսկսվի նորից»։

Ակնհայտ է, սակայն, որ ընդդիմությունն այսպիսով փորձում է «կուլտուրական» ձեւակերպում տալ կոնտրհեղափոխության հերթական ձախողմանը, որը, նկատենք, երրորդն է 44-օրյա պատերազմից հետո (նախքան 44-օրյա պատերազմը տեղի ունեցած փորձը նույնպես չմոռանանք):

Մինչդեռ անկեղծություն ունենալու դեպքում շարժման կազմկոմիտեն ներողություն կխնդրեր իր աջակիցներից՝ նրանց հերթական անգամ իբրեւ ռեւանշի գործիք օգտագործելու եւ հիասթափեցնելու համար, կազդարարեր փողոցը հանգիստ թողնելու եւ այնտեղ այլեւս չվերադառնալու մասին՝ մինչեւ գալիք համապետական ընտրությունների մեկնարկը։

Եթե շարժման վերակազմակերպումը ենթադրում է 2026-ի համապետական ընտրություններին նախապատրաստվելուն միտված աշխատանք, ապա պետք է միայն ողջունել նման գործելակերպը, քանի որ, ինչպես հայտնի կանոնն է հուշում, գալիք ընտրություններին պետք է պատրաստվել վերջին ընտրությունների հաջորդ օրվանից։ Ժամանակ, իրոք, քիչ է մնացել։

Սխալ հաշվարկ, կանխատեսելի ելք

Այժմ փորձենք վերլուծել փողոցային հերթական այս պայքարի ֆիասկոյի պատճառները (կամ գուցե խորքային պատճառը)։ Սովորաբար դրանք մատնանշելիս ուշադրություն է դարձվում շարժման արտաքին՝ վանող, արգահատանք առաջացնող փաթեթավորման վրա՝ սկսած լիդերի կամ ստվերային շահառուի (երկրորդ նախագահ) բացասական ռեյտինգից մինչեւ շարժման վիճահարույց, ընդհուպ՝ ֆաշիստական լոզունգներ։

Կոնկրետ այս դեպքում մատնանշվում էր Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ապաքաղաքական կերպար, վարչապետի խոցելի թեկնածու լինելը, ինչպես նաեւ նրա արած մի շարք դեստրուկտիվ հայտարարություններն ու գործողությունները։

Ձախողման գլխավոր պատճառը, մինչդեռ, շարժման նկատմամբ հանրային վերաբերմունքն է, այսպես ասած՝ ռեֆլեքսային արձագանքը արտաքին միջավայրից ստացած «գրգիռներին»։

Այս շարժումն էլ չարժանացավ հանրային ադեկվատ աջակցության, որքան էլ դրա կազմակերպիչները փորձեցին գրգռել հանրային ուշադրությունը Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացի ուղղությամբ եւ այն կասեցնելու նպատակով էլ Կիրանցից քայլերթով հասան Երեւան։ Պարզվեց, սակայն, որ մայրաքաղաք հասնելուն պես օրակարգի խեղաթյուրում տեղի ունեցավ՝ սահմանազատման գործընթացի կասեցումը սահուն կերպով վերաճեց վարչապետին ուղղված ծիծաղաշարժ հաթաթաների՝ «հրաժարական տուր, թե չէ․․․» (շարժման կազմկոմիտեին, թերեւս, պետք է հորդորել քաղաքականությունը չշփոթել «Գայլն ու գառը» առակի սյուժեի հետ)։

Քաղաքական այս ավանտյուրան հղացածների հաշվարկն այն էր՝ «Արցախը Ադրբեջանին հանձնելը» «մարսած» Նիկոլ Փաշինյանը «չի մարսի» «Տավուշի չորս գյուղերի հանձնումը Ադրբեջանին», եւ մարդիկ հարյուր հազարներով փողոցներ կթափվեն՝ կասեցնելու «հայրենիքը մաս-մաս թշնամուն զիջելու» գործընթացը՝ հեռացնելով դրա գլխավոր-գործող դերակատարին։

Հաշվարկի հիմքում դրված էր նաեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շեշտակի անկումը 2018-ի հեղափոխության եւ 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ունեցած աջակցության համեմատ (այդ պատճառով էին ընդդիմության տարբեր երեւացող դեմքեր պարբերաբար շրջանառում Փաշինյանի «գահավիժած» վարկանիշի թեմատիկան)։ Սա ենթադրում էր, որ իշխանությունից հիասթափված երբեմնի «մերժիր Սերժին»-ականները, եթե ոչ բոլորը, ապա դրանց մեծ մասը կհամալրեն «սրբազանականների» շարքերն ու «թավշյա էնտուզիազմով» այժմ էլ «կմերժեն» Նիկոլ Փաշինյանին։

Եվ, բացի այս, ըստ հաշվարկի, վճռորոշ կարող էր լինել ՀՀ-ում ապաստանած 100 հազար եւ ավելի արցախահայերի «բողոքական կոնտինգենտը», որոնց, որպես «մասսովկա» օգտագործելով, հնարավոր կլիներ ապահովել շարժման բազմամարդությունն ու նրանց «արդար ընդվզումը» նույնպես ուղղորդել իշխանափոխության նպատակին։ Ակնկալում էր, որ Կիրանցից Երեւան հասնելուց հետո մայրաքաղաքում գեներացված կլինի բավականաչափ՝ կրիտիկական բազմություն եւ հնարավոր կլինի «բլից կրիգի» էֆեկտով հասնել վարչապետի հրաժարականին։ Սակայն հաշվարկն այս անգամ էլ սխալ դուրս եկավ, «բլից կրիգը», որը նախանշված էր մայիսի 9-ին, ձախողվեց, եւ շարժումը հետագայում մտավ հյուծիչ փողոցային պայքարի փուլ։ Իսկ հունիսի 12-ին ԱԺ-ի շրջակայքում տեղի ունեցածը շարժման դադարեցման համար «ալիբի» ստեղծելուն էր միտված, թե՝ իշխանափոխությունը չհաջողեց, քանի որ իշխանությունը «վախից» բիրտ ուժ կիրառեց սեփական ժողովրդի հանդեպ, այն էլ՝ «Մարտի 1»-ի ձեռագրով։

Դեպի իշխանություն տանող ճանապարհը՝ ընտրություն

Այն, որ շարժումը չստացավ հանրային լայն աջակցություն, չի նշանակում, որ մեր երկրում բոլորն են հաշտ տեղի ունեցող պրոցեսների հետ եւ/կամ չկա իշխանությունից հիասթափվածների, այսպես ասած, բողոքական զանգված։ Անշուշտ, կա, եւ անհեռատեսություն կլինի այդ փաստի հետ հաշվի չնստելը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ փողոցային տարատեսակ շարժումներով իշխանություն փոխելու մեխանիզմն այլեւս ՀՀ-ում չունի հանրային աջակցություն։

2018-ի հեղափոխությունը (որի հնարքներն ու գործիքները կրկնօրինակելով՝ ընդդիմադիր շարժումների կազմակերպիչներին թվում է, թե կստանան նույն էֆեկտը՝ իշխանության հրաժարական) ՀՀ քաղաքացիներին է վերադարձրել տասնամյակներ շարունակ իրենից խլված՝ ընտրելու եւ ընտրության չկեղծված արդյունքներով իշխանություն ձեւավորելու սահմանադրական գործիքը։ 2018-ին մարդիկ փողոց էին դուրս եկել, ճանապարհներ էին փակում, քանի որ կտրվել էր կապը իշխանությունը զավթածների եւ իշխանությունը կրողի՝ ժողովրդի միջեւ։ Թավշյա հեղափոխությունը ապաշրջափակեց այդ ճանապարհը, վերականգնեց խցանված կապը, ժողովուրդն էլ հստակ գիտակցեց՝ երկրում իշխանություն փոխելու համար այլեւս կարիք չկա փողոցներն օգտագործել։ Դրանք պետք է օգտագործել՝ ըստ նշանակության, կառուցել նորերը։

Հետեւապես, փողոցային պայքարը, որպես այլընտրանքային գործիք, կարող էր կիրառվել եւ էֆեկտ ունենալ այն դեպքում, եթե նախահեղափոխական շրջանի օրինակով ուզուրպացված լինին իշխանությունն ու այն ձեւավորելու մեխանիզմը՝ ազատ ու չկեղծված ընտրությունները։

2018-ի ֆենոմենը գուցե հնարավոր լինի կրկնել այն դեպքում, երբ վերադառնան նախկին ռեժիմի օրոք գործած ընտրական (եւ ոչ միայն ընտրական) բարքերը՝ «ինչքան ուզես՝ էդքան էլ խփեմ»-ը, դեպի իշխանություն տանող ճանապարհն էլ նախկինի պես անցնի ոչ թե ընտրատեղամասերի, այլ՝ «միայն Մելիք-Ադամյան փողոցով»։ Այդ ժամանակ, այո, համաժողովրդական ինքնաբուխ կոնսոլիդացիան՝ վերացնելու նախկինների օրոք գործած եւ վերադարձած արատավոր բարքերը, անխուսափելի կդառնա, եւ այդ կոնսոլիդացիան առաջնորդելը կդառնա ընդամենը տեխնիկայի հարց, էական չէ՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՞, թե՞ Գալուստ Բագրատյանի տեսքով։

Ահա, այս պարզ ճշմարտությունն է, որ ի վիճակի չեն մարսել մինչեւ այժմ տեղի ունեցած շարժում-շոուների քաղաքական շահառուները։ Այդ պատճառով էլ նրանք կուսակցական իրենց գրասենյակներում նստած կամ էլ այլ պետությունում գտնվող գրասենյակների հետ համատեղ շարունակում են ձեւակերպել ոչ ադեկվատ, սուբյեկտիվ առաջարկ՝ ՀՀ-ում իշխանափոխության անհրաժեշտության մասին եւ փորձում այդ արհեստական՝ փոքրամասնության կողմից աջակցվող առաջարկը պարտադրել մեծամասնությանը։ Եվ ամեն հերթական՝ ռազմահայրենասիրական փորձի ժամանակ որպես պատասխան ստանում են հասարակության լայն շերտերի կտրուկ «ոչ»-ը, քանի որ իշխանափոխության հանրային պահանջարկը համահունչ ու ներդաշնակ չէ իշխանափոխություն նախաձեռնողների առաջարկին («ցանկություն»-ը եւ «կարիքը» տարբեր հասկացություններ են, որոնց սահմանումներն էլ փորձում են լղոզել իշխանազավթման շահառուները)։ Եվ եթե անգամ կա այդպիսի պահանջարկ, ապա այն բավարարելու միջոց որպես, ինչպես արդեն ասվեց, դիտարկվում է Սահմանադրությամբ նախատեսված գործիքը՝ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում։

Ահա, թե ինչու է ընդդիմությունը ամեն կերպ խուսափում արտահերթ ընտրություններ պահանջելուց, քանի որ ընտրությունների գործիքը, որպես ժողովրդի կամքը վերարտադրող երաշխավորված՝ ճշգրիտ ու անխարդախ գործիք, չի երաշխավորում իշխանափոխություն պահանջող սուբյեկտների ձեւակերպած առաջարկի բավարարումը՝ «Նիկոլը հեռանա, մենք գանք, իշխանությունը նորից անորոշ ժամկետով զավթենք ու երկիրը․․․․«շողուլի բերենք»»։

«Ճտերն աշնանը հաշվելուց» առաջ

Հետեւապես, աշնանը փողոցային պայքարը վերսկսվելու, նոր դեմքերով հանդես գալու պլաններ ունեցողները մեծ հավանականությամբ արձանագրելու են նույն արդյունքը՝ եթե որոշեն նորից կանգնել նույն «փոցխի վրա»՝ պահանջելով իշխանության հեռացումը։ Ինչ դեմքով էլ նոր կամ նորացված շարժումը հանդես գա, ինչ փաթեթավորմամբ էլ մատուցի «Նիկոլին տուն ուղարկելու» օրակարգը, այն չի ունենալու հանրային աջակցություն։ (Դե իսկ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելն անիմաստ է՝ ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով):

Դեմոկրատական երկրներում, ինչպես փորձն է ցույց տալիս, փողոցային պայքարի գործիքը մեծ մասամբ օգտագործվում է իշխանության կողմից իրականացվող այս կամ այն ռեֆորմին, այս կամ այն նախաձեռնությանն (օրենքի նախագիծ, որոշում եւ այլն) ընդդիմանալու, այն չեղարկելու եւ կամ լավարկելու նպատակով։ (ՀՀ-ում նույնպես այդպիսի օրակարգերով ցույցերի հաջողված եւ անհաջող փորձերի ենք ականատես եղել)։ Իսկ ահա իշխանության փոփոխության հարցը որոշվում է հատուկ խցիկներում՝ քվեաթերթիկների միջոցով։

«The Show Must Go On (շոուն պետք է շարունակվի), բայց ոչ թե քաղաքական թատերաբեմում, այլ՝ դրա համար նախատեսված վայրերում՝ թատրոններում եւ համերգասրահներում։

Հեղինե Մանուկյան